Մատչելիության հղումներ

Իրանը քննարկում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը. Զարիֆ


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանն, ի պատասխան Միացյալ Նահանգների նոր՝ խիստ պատժամիջոցների, քննարկում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը։ Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները քննարկում են, թե ինչ պատասխան տան Միացյալ Նահանգներին, և այդ պայմանագրից դուրս գալը հնարավոր տարբերակներից մեկն է։

Միացյալ Նահանգներն ավելի վաղ Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում, բացի այդ՝ ԱՄՆ-ը հայտարարել է, թե մայիսի 1-ից առանց բացառության պատժամիջոցներ կկիրառի Իրանից նավթ արտահանող ցանկացած երկրի դեմ։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարի հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից, ապա վերականգնել էր պատժամիջոցները այդ երկրի դեմ: ԱՄՆ-ը մեղադրել է Թեհրանին այդ համաձայնագրի պայմանները խախտելու և Մերձավոր Արևելքում ապակայունացնող գործողությունների մեջ։

Եվրոպական երկրները, Ռուսաստանը և Չինաստանը Միացյալ Նահանգների այս որոշմանը չեն աջակցում։

Իրանի դուրս գալը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագրից նշանակում է, որ իսլամական հանրապետությունը դե յուրե հրաժարվում է միջուկային զենքին չտիրապետելու պարտավորություններից։

Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին պայմանագիրը կնքվել է դեռևս 1970 թվականին, պայմանագրին միացել էին 190 երկիր, չեն միացել Իսրայելը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Հարավային Սուդանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG