Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ Թուրքիան մշտապես դեմ է եղել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին


Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Անկարայում, 17-ը ապրիլի, 2019թ․
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը Անկարայում, 17-ը ապրիլի, 2019թ․

Պաշտոնական Անկարան մշտապես դեմ է եղել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Նախօրեին Անկարայում այս մասին հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաև նշում էր, որ Անկարան և Թեհրանը ցանկանում են հատուկ երկկողմանի վճարումների համակարգ ստեղծել, որը հնարավորություն կտա Իրանի հետ առևտրային կապերը խզել չցանկացող թուրքական ընկերություններին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները:

«Մենք պետք է ջանքեր գործադրենք Իրանի հետ մեր ապրանքաշրջանառությունը 30 միլիարդ դոլար ցուցանիշին հասցնելու համար: Այդ նպատակով մենք երկկողմ առևտրին խոչընդոտող գործոնների չեզոքացմանն ուղղված մի շարք տարբերակներ ենք քննարկում, այդ թվում՝ ԵՄ և Թեհրանի միջև ստեղծված համակարգի` INSTEX-ի նմանությամբ մի նոր թուրք-իրանական համակարգի հիմնադրման հնարավորությունը», - հայտարարում էր Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ այլընտրանքային վճարումների INSTEX համակարգը ստեղծվեց անցած տարեվերջին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից` նպատակ ունենալով ապահովել եվրոպական ընկերությունների անխափան աշխատանքը իրանական շուկայում:

Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում Թուրքիայի իշխանությունները մեկ անգամ ևս իրենց միանշանակ աջակցությունը հայտնեցին իսլամական հանրապետության ղեկավարությանը` ամերիկյան պատժամիջոցներին դիմակայելու հարցում:

«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական կառույց ճանաչելու Վաշինգտոնի որոշումը կոպիտ սխալ էր», - հայտարարում էր Չավուշօղլուն` հավելելով․ - «Օտար պետությունների զինված ուժերի ստորաբաժանումները ահաբեկչական կառույց ճանաչելով մենք ճեղքվածք ենք առաջացնում միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի համակարգերում: Դա ի վերջո հանգեցնելու է միջազգային համակարգի հանդեպ խոր անվստահության աճին, ավելի երկարաժամկետ հեռանկարում էլ` քաոսի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG