Եվրամիությունը, Ռուսաստանը և Չինաստանը կանեն ամեն ինչ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթները ուժի մեջ թողնելու համար: Այս մասին բարձրաստիճան դիվանագետները հայտարարեցին երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացած նախարարական հանդիպման ընթացքում, որի գլխավոր նպատակը այն մեխանիզմների քննարկումն էր, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել Վաշինգտոնի կողմից Թեհրանի, ինչպես նաև Իրանի հետ առևտրով զբաղվող երրորդ երկրների ընկերությունների դեմ սահմանված կոշտ պատժամիջոցները:
«Հանդիպման մասնակիցները ողջունում են այն գործնական քայլերը, որ ձեռնարկվում են հատուկ վճարման համակարգի ստեղծման ու զարգացման ուղղությամբ: Այդ մեխանիզմը հնարավորություն կտա իրականացնել այն վճարումները, որոնք պետք է կատարվեն Իրանից նավթի և մի շարք այլ ապրանքատեսակների ձեռքբերման ընթացքում: Նման համակարգի գոյությունը կօժանդակի նաև Իրանի հետ առևտուր ծավալող ընկերություններին` վերահաստատելով այն իրողությունը, որ նրանց վարած բիզնեսը օրինական է», - արտգործնախարարների հանդիպման ավարտին հայտարարում էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Հիշեցնենք, Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների թիրախում կհայտնվեն ոչ միայն բուն իրանական կառույցները, այլև երրորդ երկրների այն ընկերությունները, որոնք կշարունակեն աշխատել այդ երկրի շուկայում: Ամերիկյան այդ սպառնալիքների հետևանքով Իրանում ծավալած իրենց գործունեությունն արդեն իսկ դադարեցրել են կամ էլ մոտալուտ դադարեցման մասին են հայտարարել եվրոպական բիզնեսի մի շարք առաջատարներ` այդ թվում գերմանական Siemens, ֆրանսիական Total և Peugeot ընկերությունները: Եվրամիության ներկայացուցիչների խոսքով՝ Իրանի հետ հատուկ վճարման համակարգի ստեղծման հարցի քննարկումն սկսվել է դեռ ամռանը` Եվրամիության ներկայացուցիչների, Ռուսաստանի, Չինաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման ընթացքում:
«Այժմ էլ փորձագետների նոր հանդիպում կկայանա, որի նպատակն է լինելու [նոր համակարգի ստեղծման աշխատանքները] տեխնիկական մակարդակի հասցնելը: Դա նշանակում է, որ ԵՄ անդամ պետությունները իրավաբանական մի մարմին կստեղծեն, որն էլ իր հերթին հնարավորություն կստանա օրինական ֆինանսական փոխանցումներ կազմակերպել Իրանի հետ: Դա հնարավորություն կտա եվրոպական ընկերություններին շարունակել գործարքները Իրանի հետ` հավատարիմ մնալով ԵՄ օրենսդրությանը: Բացի այդ, նոր մեխանիզմը բաց կլինի միջազգային ասպարեզում գործող մեր մյուս գործընկերների համար ևս», - հայտարարում էր Մոգերինին:
Եվրամիության, նաև Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները հատուկ ընդգծում են, որ ամերիկյան պատժամիջոցների շրջանցման մեխանիզմը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի փրկության թերևս միակ տարբերակն է մնացել: Ամերիկյան կողմը պահանջում է, որպեսզի Իրանի իշխանությունները բանակցություններ սկսեն միջուկային նոր համաձայնագրի շուրջ: Միջազգային ասպարեզում առաջատար դիրք զբաղեցնող մյուս պետությունների ներկայացուցիչները, սակայն, արձանագրում են, որ ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակած բոլոր զեկույցների` Թեհրանը շարունակում է կատարել միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները: Իրանի ներկայացուցիչները, մինչդեռ, հայտարարում են` եթե երկիրը զրկվում է համաձայնագրով նախատեսված տնտեսական զարգացման հնարավորություններից, ապա 2015-ին կնքված պայմանագրի ուժի մեջ մնալը անիմաստ է դառնում:
«Բարձր գնահատելով այն աջակցությունը, որ ստանում է միջազգային հանրությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունը միաժամանակ շատ հստակորեն հայտարարել է` եթե համաձայնագիրն ուժի մեջ է մնում, ապա Իրանը պետք է դրանով նախատեսված օգուտները ևս քաղի: Խայտառակություն կլինի, եթե 12 տարի շարունակված բազմակողմ դիվանագիտության արդյունքները տապալվեն միայն մեկ պետության անպատասխանատու գործողությունների հետևանքով», - Վիեննայում հայտարարում էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին: