Մատչելիության հղումներ

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններ Երևանում


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում, արխիվ

Այսօր Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդերլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:

Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում ակտիվացած հայ-հոլանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում Ավետ Ադոնցն ընդգծել է, որ հայկական կողմն այս խորհրդակցությունները դիտարկում է որպես բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի համադրման հանդիպում։

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորել Նիդերլանդների կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Խորհրդակցությունների արդյունքում անդրադարձ է արվել ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին:

Խորհրդակցություններին քննարկվել են նաև միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները:

Եվրամիության և Հայաստանի միջև 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ անդամ 28 երկրից արդեն վավերացրել են 9-ը: Հայաստանի խորհրդարանը համաձայնագիրը միաձայն վավերացրել է անցած տարվա ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG