Մատչելիության հղումներ

Հայաստանյան պատվիրակությունը Գերմանիայում քննարկումներ է ունեցել վիզայի ազատականացման մասին


Հայաստանը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ, հունվարի 15-ից 17-ը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել ԳԴՀ երկրամասերի ՆԳ նախարարների համաժողովի նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ներքին գործերի և սպորտի հարցերով նախարար Հոլգեր Շտալկնեխտի, ԳԴՀ ներքին գործերի պետքարտուղար Հելմութ Թայխմանի, ԳԴՀ ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթի և Բունդեսթագի ՆԳ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեա Լինդհոլցի հետ:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ հանդիպումների ընթացքում գերմանական կողմն իր գոհունակությունն է հայտնել հետընդունման (ռեադմիսիայի) մասին միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով փոխադարձ վստահության բարձր մակարդակն ու Հայաստանի իրավաչափ ակնկալիքներին ընդառաջ գնալու պատրաստակամությունը։

Կողմերը կարևորել են վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների ապագա ծրագրի հիմնադրույթների, փոխադարձ պարտավորությունների շրջանակի ու դրանց կատարման ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը, քննարկել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG