Մատչելիության հղումներ

Հայաստանում Եվրամիության դեսպան․ «Կօգնենք հույսը հասցնել իրականության»


Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպանը հավատացած է՝ երկրում ծանր քաղաքական ճգնաժամն իր լուծումը գտավ սահմանադրական, օրինական և խաղաղ ճանապարհներով, ինչն առաջին հերթին, ըստ Պյոտր Սվիտալսկու, Հայաստանի Հանրապետության բնակչության և քաղաքական էլիտայի մեծագույն ձեռքբերումներից էր:

«Այդ զարգացումները և իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի երիտասարդությունը մեծ ներուժ ունի, և այդ ներուժը պետք է օգտագործել երկրի զարգացման համար», - ասաց Եվրամիության դեսպանը այսօր Վանաձորում: - «Նրանք ունեն բավականին մեծ ակնկալիքներ, նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որը ձերբազատված է կոռուպցիայից, մի երկրում, որը պատշաճ ու արդյունավետորեն կառավարվում է, մի երկրում, որն ունի անկախ, անկողմնակալ, արդար դատաիրավական համակարգ: Նրանք ցանկանում են ապրել մի երկրում, որտեղ տնտեսական գործունեությունը իրականացվում է հավասար իրավունքների տրամադրմամբ, որտեղ չկան արտոնյալներ, չկան գերակայող դիրքեր շուկայում»:

Սվիտալսկին վստահ է, որ երիտասարդները բավականին առողջ ակնկալիքներ ունեն, միևնույն ժամանակ՝ նա խորհուրդ է տալիս համբերատար լինել․ - «Պետք է համբերատար լինել, որովհետև նմանատիպ իրադարձություններից հետո, որ տեղի են ունեցել այլ երկրներում, ապացուցվել է, որ նման փոփոխություններ մեկ օրվա ընթացքում անել հնարավոր չէ: Համենայն դեպս, մի բան, որ, վստահաբար, ես նկատել եմ, այն է, որ երիտասարդների դեմքերը փոխվել են, այսօր երիտասարդները ապագային նայում են հույսով: Իսկ մենք կօգնենք այդ հույսը հասցնել իրականության»:

Հարցին՝ արդյոք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները կնպաստե՞ն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացմանը, ինչպես նաև վիզաների ազատականացմանը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, թե համոզված է, որ իրենք ճիշտ ճանապարհին են, և գործընթացը դրական արդյունք է ունենալու:

«Անցած շաբաթ Հայաստան էին ժամանել իմ գործընկերները Եվրամիությունից, օրակարգային հիմնական հարցը եղել է այցագրերի ազատականացման խնդիրը, բայց միաժամանակ եղել է այցագրերի դյուրացման գործընթացի իրականացում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ գործընթացում է գտնվում, և եթե ավարտի, ապա դա լավ սկիզբ կդնի ազատականացման գործընթացը սկսելու համար», - հայտարարեց ԵՄ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG