Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանների երկրորդ միջնորդությունը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը, որը երեկ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններն էին ներկայացրել, բայց թե ինչ հիմքով էին երկրորդ անգամ միջնորդություն ներկայացրել, պաշտպանները չեն նշում:

Հիշեցնենք, նախորդ նիստին ներկայացված նույնաբովանդակ միջնորդությունը ևս մերժվել էր։

Նիստը մեկ անգամ ընդմիջվեց։

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր վերսկսվեց նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը։

Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին ներկա չէ, պաշտպանական կողմն «Ազատությանն» ասաց, որ նիստին չներկայանալու պատճառը Գրիգորյանի առողջական լուրջ խնդիրներն են։

Ի տարբերություն նախորդ դատական նիստերի օրերին, երբ դատարանի առջև Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա էր իրականացվում՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, այսօր դատարանի առջև ակցիա չի իրականացվում, քաղաքացիները չեն հավաքվել վերաքննիչի առջև։ Երեկվա դատական նիստին զուգահեռ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որը սակայն, ի տարբերություն նախորդ օրերին կատարված բողոքի ակցիաներին, հավաքված ցուցարարների թիվն անհամեմատ քիչ էր։ Ինչպես նաև նախկինի նման բարձրաձայն կոչեր, պահանջներ չէին նեկայացվում, ըստ էության, քաղաքացիները լուռ ակցիա էին իրականացնում։ Իսկ նիստից հետո արդեն՝ ձեռքսեղմում եղավ ցուցարարների և Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի միջև։

Այս ամենին նախորդել էր վարչապետի հայտարարությունը, որ չպետք է կաթվածահար անել երթևեկությունը, նա համախոհներին կոչ էր արել զգոնություն ցուցաբերել։

Դեկտեմբերի 21-ին Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակման որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոք էր ներկայացրել վերաքննիչ ատյան։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG