Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց


Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը։

Թե երբ կկայանա հաջորդ նիստը, Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը չասաց։ Լրագրողների հետ զրույցում ասաց միայն՝ հետաձգման պատճառը տեխնիկական է:

2018-ի դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։

Մանվել Գրիգորյանին ազատ արձակման որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Սակայն, ըստ պաշտպանական կողմի, առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը այլ հիմքեր ևս ունի, որոնք փաստաբան Արսեն Մկրտչյանը «նպատակահարմար չի գտնում» ներկայացնել:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազը հայտարարել էր, թե մեղադրանքը լրացվելու է, և հարցին, թե արդյոք այդ առումով տեղեկություններ կան, փաստաբանն արձագանքեց. - «Ես ենթադրում եմ, որ մեղադրանքը լրացվելու է: Սպառնալիքը, շանտաժը իրականացվում է ոչ թե նրա համար, որ իրականում ինչ-որ լրացնելու բաներ կան, այլ նրա համար, որ պաշտպանական կողմը, այսպես ասած, համեստ պահի իրեն: Քանի որ յուրացման մասը կյանք չունի, և հանրությանը պետք է ասել, որ այդ տուշոնկա, ինչ-որ «Զինվորի սնունդ»․․․բանից պարզվում ա, որ չի հիմնավորվում, հիմա, պարզ ա, պետք է փորձեն ասել՝ գիտեք, ուրիշ բաներ էլ կա․․․»

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Այսօրվանից վերսկվել են նաև Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքի ակցիաները։ Առավոտյան նախ Էջմիածնում էր ակցիա իրականացվում, իսկ հետո արդեն՝ դատարանի առջև։

Մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին՝ պնդելով, թե նրա ազատության մեջ գտնվելը վտանգավոր է:

Ցուցարարները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի ակցիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG