Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի փաստաբանները երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրին դատավորին


ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Այսօր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրին նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Նախորդ նիստին ներկայացված նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել էր։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Այսօր լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց՝ դատական նիստը հետաձգվել է։

Դատարանը քննում է գրավով ազատ արձակված գեներալին կրկին կալանավորելու` դատախազության բողոքը։ Ինքը` Գրիգորյանը, ներկա չէր այսօրվա նիստին, փաստաբանի պնդմամբ՝ վատառողջ լինելու պատճառով։ «Ազատության» հարցին, թե թե ծանոթացե՞լ են դատախազության բողոքին, և կա՞ն փաստարկներ, որոնց համաձայն Մանվել Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց. - «Մեկնաբանման խնդիր է։ Փաստեր, իհարկե, չկան։ Կա կարծիք՝ դատախազության կարծիք կա այդպիսի, որը ժամանակին համընկել էր որոշ քաղաքացիների կարծիքի հետ։ Մենք ունենք հակառակ կարծիք, և կներկայացնենք մեր առարկությունները»։

Դեկտեմբերի 21-ին Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսների ընթացքում։ Նրա խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։

Փաստաբանների փոխանցմամբ՝ Գրիգորյանին ազատ արձակման որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոք էր ներկայացրել վերաքննիչ ատյան։

Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։

Այսօր դատարանի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում էին Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորել։ Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիաների՝ այս անգամ ցուցարարների թիվն անհամեմատ ավելի քիչ էր և այս անգամ քաղաքացիները բարձրաձայն կոչեր չէին անում։ Ակցիան, ըստ էության, լուռ էր ընթանում։

Նիստի ավարտից հետո՝ դատարանի դիմաց հավաքված ցուցարարները զրուցեցին Արսեն Մկրտչյանի հետ, ասացին, որ փաստաբանի դեմ ոչինչ չունեն, եղավ ձեռքսեղմում։

Հիշեցնենք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով հունվարի 11-ի դատական նիստից հետո ցուցարարները թքել էին վերջինիս փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, ինչպես նաև, փաստաբանի պնդմամբ՝ հեղուկ լցրել մեքենայի վրա։

Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 12։00-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG