«Անօրինական սեքս դասընթացներ» կազմակերպելու մեջ մեղադրվող Բելառուսի և Ռուսաստանի 8 քաղաքացիները այսօր վտարվել են Թայլանդից: Նրանց թվում է նաև բելառուսցի մոդել Անաստասիա Վաշուկևիչը, ով հայտնի է Նաստյա Ռիբկա անունով: Դատավճիռը հրապարակվել էր այս շաբաթվա սկզբին: Դատապարտվելով պայմանական ազատազրկման, նրանք մեկուսարանից ազատ արձակվեցին, իսկ այսօր վտարվեցին իրենց երկրներ՝ Բելառուս և Ռուսաստան:
2018-ի փետրվարին, երբ նրանք ձերբակալվել էին, Նաստյա Ռիբկան ասել էր, թե ապացույցներ, ձայնագրություններ ունի, որ ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան քննարկել է 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը: Նա ասել էր, թե այդ նյութերը կտրամադրի, եթե Ամերիկայում ապաստան ստանա, սակայն ամերիկյան կողմը զգուշություն էր ցուցաբերել՝ կասկածելի համարելով այդ պատմությունը:
Այն որ բելառուսցի մոդելը կարող էր կապ ունենալ Դերիպասկայի հետ, ասել էր նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Անցած տարվա փետրվարին նա մի հետաքննության արդյունքներ էր հրապարակել, ուր ասվում էր, թե Դերիպասկան ու Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն Դերիպասկայի զբոսանավով 2016 թվականին միասին հանգստացել ու զվարճացել են Նորվեգիայում: Զբոսանավում նաև մի քանի մոդելներ են եղել, այդ թվում և Նաստյա Ռիբկան: Նավալնին գտնում էր, որ Դերիպասկան ու Պրիխոդկոն կարող էին քննարկել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցերը: