Մատչելիության հղումներ

ՌԴ փոխվարչապետը զվարճացել է մարմնավաճառուհիների հետ օլիգարխի հաշվին և նրա զբոսանավում․ Նավալնի


Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին կոռուպցիայի մեջ է մեղադրել Ռուսաստանի փոխվարչապետ, նախագահ Պուտինի մտերիմ թիմակից Սերգեյ Պրիխոդկոյին։ Նավալնիի նոր հետաքննության համաձայն՝ Պրիխոդկոն 2016 թվականի օգոստոսին երեք օր է անցկացրել օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող շքեղ զբոսանավում՝ Նորվեգիայի ափերի մոտ։

Հրապարակած նոր տեսահոլովակում Նավալնին պնդում է, որ բարձրաստիճան պաշտոնյայի հանգիստը միլիարդատիրոջը պատկանող զբոսանավում, վերջինիս հաշվին կազմակերպված ժամանցը մարմնավաճառուհների հետ և Դերիպասկային պատկանող մասնավոր օդանավով թռիչքը Մոսկվայից Նորվեգիա՝ կաշառք է։ Ըստ ընդդիմադիր գործչի, այդ բոլոր մանրամասները «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին» հայտնի են դարձել հայտնի մարմնավաճառուհի Անաստասիա Ռիբկայի «Ինստագրամի» էջից։

Նավալնին պնդում է նաև, որ ողջ կյանքոմ միայն պետական պաշտոններ զբաղեցրած Պրիխոդկոյին են պատկանում մերձմոսկովյան «Սոսնի» փակ ավանում գտնվող առանձնատունը, որի արժեքն է շուրջ 300 միլիոն ռուբլի, և Մոսկվայի կենտրոնում գտնվող՝ մոտ 480 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարանը։ Տեսահոլովակն ընդգծում է, որ այդ ամենը չինովնիկը ձեռք է բերել օլիգարխներից կաշառք ստանալու շնորհիվ։

Ալեքսեյ Նավալնին պատմում է նաև Անաստասիա Ռիբկայի կողմից «Ինստագրամում» տեղադրված մի աուդիոնյութի մասին, որում Դերիպասկան խոսում է ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։ Նավալնիի կարծիքով՝ հենց Դերիպասկան է հանդիսացել Կրեմլը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ կապող օղակը։

Ընդդիմադիր գործիչը հիշեցնում է 1999 թվականին տեղի ունեցած մի աղմկոտ իրադարձության մասին․ Ռուսաստանի դաշնային հեռուստաեթերում ցուցադրվել էր մի տեսահոլովակ, որում երևում էր, թե ինչպես է Ռուսաստանի այն ժամանակվա գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովը շոգեբաղնիքում զվարճանում մարմնավաճառուհիների հետ։ Վլադիմիր Պուտինը, ով այդ ժամանակ երկրի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարն էր, Սկուրատովին կոչ էր արել հրաժարական տալ։ Նավալնին իր հերթին է այժմ Ռուսաստանի նախագահին կոչ անում՝ հետևողական լինել, ստուգել իր հրապարակած տեսահոլովակում ներկայացված փաստերն ու պաշտոնանկ անել փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյին։

Ի դեպ՝ ընդդիմադիր գործիչը նաև պնդում է, որ իրականում հենց Սերգեյ Պրիխոդկոն է համակարգում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, ոչ թե արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եվ ընդհանրապես՝ թեև նա այնքան էլ հայտնի չէ, սակայն, համարվում է ռուսաստանյան քաղաքականության գորշ կարդինալը»,- ասում է ընդդիմադիր գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG