Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մերժում է Ուկրաինայի հարցով Մերկելի և Մակրոնի կոչը


Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներ Անգելա Մերկել և Էմանյուել Մակրոն, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր անընդունելի է որակել Կերչի նեղուցում նոյեմբերի 25-ին գերեվարված 24 ուկրաինացի նավաստիներին անհապաղ ազատ արձակելու՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի կոչը:

Մոսկվան պնդում է, որ մոտենալով Ղրիմի թերակղզուն՝ ուկրաինական նավերը միտումնավոր խախտել են Ռուսաստանի սահմանը:

Ռուսաստանը 2014 թվականին է բռնակցել Ղրիմը: Ուկրաինան և ՄԱԿ-ի անդամ պետությունների գերիշխող մեծամասնությունը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը:

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները դատապարտել են ուկրաինական երեք ռազմանավերի գրավումը և նավաստիների գերեվարումը:

Մերկելը և Մակրոնը երեկ Կրեմլին հասցեագրած ուղերձում նշել են, որ «մոտալուտ Ամանորը և Ուղղափառ եկեղեցու օրացույցով Սուրբ Ծնունդը Արևելյան Ուկրաինայում հակամարտության կողմերին ընձեռում են երկարատև տանջանքներից տուժող քաղաքացիական բնակչության կարիքների վրա կենտրոնանալու հնարավորություն»:

Մերկելը և Մակրոնը կողմերին կոչ են անում «դրսևորել մարդասիրական մոտեցում և պատասխանատվություն տարածաշրջանի խաղաղ բնակչության կարիքները հոգալու հարցում»:

Դեկտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չեղարկել է Կերչի նեղուցի բախման կապակցությամբ հայտարարած ռազմական դրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG