Մատչելիության հղումներ

Միջադեպը Սև ծովում Ուկրաինան դիտարկում է որպես ագրեսիայի ակտ


Ռուսաստանը փակել է Կերչի նեղուցը, 25-ը նոյեմբերի, 2018թ․

Երեկվա միջադեպը Սև ծովում Ուկրաինան դիտարկում է որպես ագրեսիայի ակտ: Գերագույն ռադան այսօր քննարկելու է երկրում ռազմական դրություն հայտարարելու հարցը:

Կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ռուսաստանի ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել:

Ռազմական դրություն մտցնելու մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Գիշերը կայացել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հայտարարվել է, որ ռազմական դրությունը հայտարարվելու է մի քանի ամսով և կրելու է ոչ թե հարձակողական, այլ պաշտպանողական բնույթ:

Ուկրաինայի օրենքների համաձայն՝ ռազմական դրության ժամանակ սահմանափակվում են որոշ ազատություններ, այդ թվում՝ չեն անցկացվում ընտրություններ:

Եկող տարվա մարտի 31-ին այս երկրում նախատեսված են նախագահական ընտրություններ:

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ ռազմական դրությունը հայտարարվելու է 60 օրով:

Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Օդեսայից Մարիուպոլ ուղևորվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավերի վրա հարձակվել են ռուսական հատուկ ծառայությունները, կրակ են բացել, ինչի հետևանքով վիրավորվել են վեց զինվորականներ: Նավերում 23 զինվորական կար:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, որ ուկրաինական նավերը խախտել են Ռուսաստանի ծովային սահմանը Ղրիմի մոտ, և ռուսական ուժերը այդ նավերը կանգնեցնելու համար ստիպված են եղել ուժ կիրառել:

Գիշերը Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցել է բողոքի ակցիա, այրվել է ռուսական դիվանագիտական համարանիշներով մի ավտոմեքենա:

Պաշտոնական Կիևը հայտարարում է, որ իր ռազմանավերը չեն հատել Ղրիմի ծովային սահմանը:

Երեկ ամբողջ օրը և գիշերը ռուսական և ուկրաինական կողմերը իրարամերժ տեղեկություններ էին տարածում:

Այսօր առավոտյան Կիևը հայտարարել է, որ պահանջում է, որպեսզի ռուսական կողմը բժշկական օգնություն ցուցաբերի ուկրաինացի զինվորականներին և անհապաղ ազատ արձակի նրանց:

Ուկրաինան դիմել է նաև Արևմուտքի իր դաշնակիցներին ռազմական օգնության խնդրանքով:

Կերչի նեղուցն այս պահին փակ է:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարում է, որ վիրավորվել է երեք ուկրաինացի զինվորական, և նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը զսպվածության կոչ են արել:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպին: Կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ և զսպվածության կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև կոչ ենք անում Ռուսաստանին՝ բացել Կերչի նեղուցը», - գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Օանա Լուգենսկուն:

Նեղուցը բացելու և զսպվածության կոչ է արել նաև Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Համացանցում երեկ երեկոյան մի տեսագրություն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են ռուսական երկու ռազմանավեր կանգնեցնում ուկրաինական նավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG