Մատչելիության հղումներ

Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն հայտարարվեց


Ուկրաինա - Ռազմական դրություն հայտարարելու պահանջով ցույց Գերագույն ռադայի շենքի դիմաց, Կիև, 26-ը նոյեմբերի, 2018թ․
Ուկրաինա - Ռազմական դրություն հայտարարելու պահանջով ցույց Գերագույն ռադայի շենքի դիմաց, Կիև, 26-ը նոյեմբերի, 2018թ․

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատեց երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ հատուկ ռեժիմը կտևի 60 օրվա փոխարեն 30 օր:

Ռազմական դրության ռեժիմը պաշտոնական Կիևի պատասխանն է Ղրիմի ափամերձ գոտում կիրակի օրը Ռուսաստանի մասնակցությամբ տեղի ունեցած ծովային ընդհարմանը: Սև ծովում՝ Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական ուժերը կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել:

Մինչ կողմերը միմյանց մեղադրում են սադրանքների մեջ, և լարվածությունն էլ Սև ծովում պահպանվում է, Կիևը որոշեց անցնել հատուկ ռազմական ռեժիմի՝ Ուկրաինայի անկախության պատմության ընթացքում առաջին անգամ, որի նպատակը, ըստ իշխանությունների, պաշտպանունակության մակարդակի բարձրացումն է:

Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ ռազմական դրությունը միևնույն ժամանակ ենթադրում է հատուկ իրավական ռեժիմ, որն իշխանությունը կարող է սահմանել ինչպես երկրի ամբողջ տարածքում, այնպես էլ՝ առանձին տարածքներում:

Սահմանափակումները կարող են տարածվել լրատվամիջոցների գործունեության վրա, կարող է սահմանվել պարետային ժամ, սահմանափակվել քաղաքացիների տեղաշարժերը, խաղաղ հավաքները, զանգվածային ակցիաները:

Ուկրաինայում ռազմական դրություն չի հայտարարվել ոչ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, ոչ էլ Ուկրաինայի արևելքում շարունակվող պատերազմի ընթացքում: Ինչո՞ւ հենց հիմա՝ այս հարցը ամենահաճախն է հնչում Ուկրաինայում, որտեղ նախագահական ընտրապայքարը ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել է:

Ընդդիմախոսների համոզմամբ՝ ընտրություններում հաղթելու շանսեր չունեցող նախագահ Պետրո Պորոշենկոն փորձում է օգտագործել սևծովյան զինված միջադեպը և սահմանափակել մրցակիցների գործունեությունը:

Եկող տարվա մարտի 31-ին նախատեսված ընտրություններում Պորոշենկոյի հիմնական մրցակիցն այս պահի դրությամբ, սոցհարցումների համաձայն, ընդդիմադիր պատգամավոր, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է:

Որոշ փորձագետների համոզմամբ՝ ուկրաինացիները հասկանում են, որ ռազմական դրությունը ուղղակիորեն կապված է հենց ընտրական գործընթացների հետ, սակայն առայժմ հստակ չէ, թե ինչպիսին կլինի արդյունքը, և արդյոք այդ սահմանափակումներից հետո պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտող ու ցածր վարկանիշ ունեցող Պորոշենկոյի մասին ընտրողների կարծիքը կփոխվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG