Մատչելիության հղումներ

Դատախազությունը հայտարարում է, որ Լոռու մարզի հիմնադրամների քրգործը «դանդաղ չի քննվում»


Գլխավոր դատախազության շենքը, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը, արխիվ

Գլխավոր դատախազությունը հայտարարում է, թե իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդումն այն մասին, որ «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին առնչվող քրեական գործերը դանդաղ են քննվում, «բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում»:

«Պարոն Սաքունցը քրեական գործի նյութերին ծանոթ չէ: Մինչդեռ այդ գործով դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվող բազմածավալ քննության շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ: Հարցաքննվել են մոտ 7 տասնյակ անձինք՝ այդ թվում դպրոցների ներկայիս և նախկին տնօրեններ ու աշխատակիցներ: Հիմնադրամներից, պետական մարմիններից, մի շարք դպրոցներից առգրավվել և զննության են ենթարկվել մեծածավալ փաստաթղթեր, հիմնադրամների ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու նպատակով նշանակվել է մասնագիտական ստուգում»,- հայտարարում է գլխավոր դատախազությունը:

Խոսքը դեկտեմբերի 24-ին «Ազատության» կայքում հրապարակված «Իրավապաշտպան. «Լոռու պետական ռեկետը պատշաճ չեն քննում»» վերնագրով հոդվածի մասին է: Դեռ օգոստոսին «Ազատությունն» անդրադարձել էր հիմնադրամների գործունեությանն ու փաստեր հրապարակել, որ տարիներ շարունակ մարզի դպրոցների ավելի քան 3000 աշխատակիցների այսպես ասած՝ կեղտոտ աշխատավարձի մեկ տոկոսը հարկադրաբար գանձվել է որպես «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների վճար։ Երեկ Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատության» հետ զրույցում կասկածելի էր համարել քննչական մարմինների դանդաղկոտությունը։

Մինչդեռ դատախազությունից հայտնում են, որ «նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու և քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար դեռևս շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ»:

«Միայն այս համալիր գործողությունների արդյունքում հնարավոր կլինի պարզել փոխանցված գումարի իրական չափը, այդ գումարների նպատակային ծախսման հանգամանքը, և իրավական գնահատական տալ գործընթացին առնչություն ունեցող բոլոր անձանց արարքներին»,- ասված է դատախազության պարզաբանման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG