Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. «Լոռու պետական ռեկետը պատշաճ չեն քննում»


Տարեկան մինչև 30 միլիոն դրամ բյուջե ունեցող «Լոռու դպրոց» հիմնադրամի տնօրեն Մայիս Խաչատրյանը հրաժարվում է հայտնել, թե հեղափոխությունից հետո որքան են նվազել դպրոցների աշխատակիցների այսպես կոչված «կամավոր» հանգանակությունները։

Հիմնադրամի գումարներից ամսական ավելի քան 200 հազար դրամ աշխատավարձ ստացող տնօրենը, ում գործունեությունն իրավապահները կասկածի տակ են առել ու քրեական գործ հարուցել, սպառնաց, թե «Ազատությանը» պատասխանատվության կկանչի։

Օգոստոսին «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էր հիմնադրամի գործունեությանը և փաստեր հրապարակել, որ տարիներ շարունակ մարզի դպրոցների ավելի քան 3000 աշխատակիցների այսպես ասած՝ կեղտոտ աշխատավարձի մեկ տոկոսը հարկադրաբար գանձվել է որպես «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների վճար։

Այսօր էլ դպրոցների աշխատակիցները, անգամ տնօրեններ, պնդում են, որ տարիներ շարունակ իրենցից համատարած գումար են գանձել՝ որպես պարտադիր վճար և որևէ մեկն իրավունք չի ունեցել անգամ մտածել դրանից հրաժարվելու մասին։

«1996 թվականից ուսուցիչ եմ աշխատել, պահվել է ես դա նույնիսկ չեմ շահարկել, չեմ քննարկել, մտածել եմ պարտադիր պահում են։ Չարությամբ էլ չեմ նայել դրան, նեղսրտվածությամբ էլ չեմ նայել, թեպետ էդ ժամանակ իմ աշխատավարձը 40 հազար դրամ էր կազմում»։ «Որևէ առիթով որևէ ժամանակ չտեսանք, որ, ասենք, կոնկրետ դպրոցին որևէ բանով նպաստեր», - ասացին դպրոցի աշխատակիցներից ոմանք։

Այսօր արդեն առողջապահական հիմնարկներն այլևս չեն վճարում «Լոռու առողջապահություն» հիմնադրամին։ Կրթության և մշակույթի ոլորտներն էլ հիմնականում հրաժարվել են իրենց աշխատավարձի մասհանումներից։

«Հիմա «Լոռու դպրոցի» սպորտհիմանդրամներին օգոստոս ամսից սկսած վճարումներ չենք անում։ Պտճառը քրեական գործն է, որ վարույթում է, երբ որ կավարտվի ամեն ինչ, նորից հարցը կդնենք քննարկման, ովքեր կցանկանան՝ կշարունակեն մուծումները անել, ովքեր ոչ՝ չեն մուծի», - ասաց հիմնադրամի աշխատակիցը։

«Լոռու դպրոց» հիմնադրամի հաշվետվության համաձայն, անցած տարի հավաքված 29 միլիոն դրամի 30 տոկոսը ծախսվել է հիմնադրամի 4 աշխատակիցների աշխատավարձի վրա, 10 տոկոսը տնտեսական ծախսերն են եղել։ Մանկավարժների աշխատավարձից գոյացած գումարի 23 տոկոսով մեծարման և տոնական միջոցառումներ են կազմակերպել, երեք տոկոսը ներդրել են մարզպետարանի աշխատակազմին աջակցելու, իսկ մեկուկես տոկոսը վճարել են հիմնադրամի ֆինանսական աուդիտ իրականացնելու համար։

Ընդհանուր գումարի 30 տոկոսը միայն՝ մոտ 10 միլիոն դրամ, ըստ հաշվետվության, ծախսվել է անապահով ուսուցիչներին և աշակերտներին օգնելու, առարկայական օլիմպիադաներին աջակցելու, դպրոցականների էքսկուրսիաներ կազմակերպելու և նման այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով։

Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ իրենք ևս ուսումնասիրել են Լոռու մարզի առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում ավելի քան 10 տարի գործած երեք հիմնադրամների գործունեությունը: - «Սա ես համարում եմ պետական ռեկետ։ Իշխանության լծակները օգտագործելու միջոցով աշխատողների աշխատավարձերից համատարած, պարտադրված գանձում, գումարների հավաքում ինչ-ինչ նպատակների համար», - մեկնաբանում է Սաքունցը:

«Լոռու դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը դեռևս Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն է։ Խորհրդի անդամներ են նախկին փոխմարզպետերն ու այլ պաշտոնյաներ։ Հիմնադրամի չորս աշխատակիցներից երկուսը նույն ընտանիքի անդամներ են։

«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված փոխմարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը, Լոռու ամենամեծ բյուջե ունեցող հիմնադրամի տնօրենն է, կինը՝ Մայա Մուրադյանը՝ գործավարը, ում երբևէ չհանդիպեցինք մարզպետարանի շենքում գործող այս հիմնադրամում։ Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը շեշտում է, որ իր հայրն ու իր կինը նույն հիմնադրամում աշխատել սկսել են տարիներ առաջ, երբ ինքը դեռ պաշտոն չուներ։

«Ազատության» հարցին՝ իրավաչա՞փ է համարում, որ իր հայրն է ղեկավարում այդ հիմնադրամը և կինը աշխատում է այդ հիմնադրամում, Խաչատրյանը պատասխանեց. - «Հա, դա օրենքին չի հակասում»։

Փոխմարզպետի հայրը՝ Մայիս Խաչատրյանը, տնօրեն է հիմնադրամի ստեղծման օրից՝ արդեն 18 տարի։ Նա մարզպետարանում բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ընդհուպ մինչև կրթության վարչության պետի տեղակալ։

Դեռ օգոստոսին «Ազատության» հրապարակումներից հետո քրեական գործ է հարուցվել բոլոր երեք հիմնադրամների մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ։ Իրավապահները նախաքննության մասին տեղեկություններ չեն հրապարակում, որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կասկածելի է համարում քննչական մարմինների դանդաղկոտությունը։

«Ես էստեղ ուրեմն լուրջ հարցադրումներ ունեմ քննչական մարմիններին։ Պաոնայք, պատշաճ չեք աշխատում», - ասաց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG