ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր դռնփակ նիստում կանդադառնա Իրանի վերջին հրթիռային փորձարկմանը, որը Միացյալ Նահանգները և դաշնակիցները որակել են որպես երեք տարի առաջ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի խախտում:
Ֆրանսիան այս վերջին փորձարկումն անվանել է «սադրիչ և ապակայունացնող արարք, որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ բանաձևը 2015 թվականի միջուկային համաձայնության մաս է կազմել:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթն ասել է, որ «Իրանը պարտավոր է դադարեցնել սադրիչ և սպառնացող գործողությունները»:
Թեհրանը պնդում է, որ հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական է, չի սպառնում որևէ այլ երկրի և չի հետապնդում միջուկային զենք կրելու կարողությամբ հրթիռ ստեղծելու նպատակ:
Նախօրեին Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը Եվրամիության երկրներին կոչ է արել Իրանի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, որ Իրանի նոր հրթիռը կարող է մի քանի միջուկային մարտագլխիկ կրել և թիրախ դարձնել ամբողջ Մերձավոր Արևելքն ու Եվրոպայի որոշ շրջաններ:
Այս տարվա մայիսին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի հետ գերտերությունների 2015 թվականի միջուկային համաձայնագրից դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու մասին, ինչը զայրացրել է եվրոպացի դաշնակիցներին: