Չնայած Վաշինգտոնից հնչող քննադատությանն՝ Իրանը շարունակելու է բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել։ Այդ մասին կիրակի օրը թեհրանում հայտարարել է Իրանի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Աբոլֆազլ Շեքարջին:
«Հրթիռների փորձարկումներն իրականացվում են երկրի պաշտպանության նպատակով, և մենք շարունակելու ենք զարգացնել բալիստիկ հթրիռների իրանական ծրագիրը», - նշել է գեներալը:
Tasnim գործակալության փոխանցմամբ, իրանցի զինվորականը նաև նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը որևէ կապ չունի միջուկային սպառազինության զարգացման հետ:
«Հրթիռների ստեղծմանն ուղղված այս ծրագիրը դուրս է միջուկային համաձայնագրի դրույթներից, այդ իսկ պատճառով մենք չեն պատրաստվում այս ուղղությամբ քայլեր իրականացնելուց առաջ որևէ երկրից թույլտվություն հարցնել», - հայտարարում էր Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչը: