Մատչելիության հղումներ

Պուտինը «սադրանք» է որակում Կերչի նեղուցում տեղի ունեցածը


«Կերչի նեղուցի միջադեպը սադրանք էր, որը նախագահական ընտրությունների նախօրեին կազմակերպել է Ուկրաինայի ցածր վարկանիշ ունեցող նախագահ Պետրո Պորոշենկոն», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հավելել է, թե կատարվածը «ընդամենը սահմանային միջադեպ է, ոչ ավելին»: Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ 2014-ին Ուկրաինայում ռազմական դրություն չէր հայտարարվել:

Այսօր Ուկրաինայի նախագահը ստորագրել է Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը:

Արևմուտքը դատապարտում է նոյեմբերի 25-ին Ռուսաստանի գործողությունները Ազովի ծովում: Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացի նավաստիների գերեվարման պատճառով հնարավոր է չեղարկի այս շաբաթ Արգենտինայում անցկացվելիք Մեծ քսանյակի շրջանակում ծրագրվող հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ:

Թրամփի մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը խոսեց Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի սպառնալիքի մասին:

Եվրոպական մի շարք երկրների առաջնորդները հայտարարել են, թե նոյեմբերի 25-ին միջադեպից հետո դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլ:

Նոյեմբերի 25-ին ռուսաստանյան հատուկ ուժերը Ազովի ծովում ուկրաինական երեք ռազմանավերի վրա, կրակ են բացել, Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են այդ նավերի անձնակազմին, դատավարություններ են կազմակերպել նրանց դեմ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական Մոսկվային և Կիևին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, իսկ Էստոնիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է «Եվրոպայում պատերազմ վարելու մեջ»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը Արգենտինայում նախատեսված հանդիպումը չեղարկելու հնարավորություն մասին՝ ասել է, որ Կրեմլում ելնում են այն հանգամանքից, որ համաձայնեցված հանդիպումը կայանալու է, և շարունակում են նախապատրաստվել բանակցություններին:

«Որևք այլ տեղեկություն մեր ամերիկացի գործընկերներից այս պահին մենք չենք ստացել», - հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը ասել էր․ - «Ազովի ծովում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է»:

Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

XS
SM
MD
LG