Արևմուտքը Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձությունների հարցում սատարում է Ուկրաինային և ռուսներից պահանջում է անհապաղ ազատ արձակել գերեվարված 23 ուկրաինացի նավաստիներին:
Նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և առանձին հրապարակած հայտարարություններում արևմտյան երկրները դատապարտել են Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային ծովային պայմանագրերի աղաղակող խախտումները»:
Նոյեմբերի 25-ին Ղրիմի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել բախում ռուսական և ուկրաինական ռազմանավերի միջև: Ռուսական առափնյա պաշտպանության նավերը կրակ են բացել և գրավել են ուկրաինական նավերը: Վեց ուկրաինացի նավաստի վիրավորվել է:
Կիևը ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայի 27 շրջաններից 10-ում, ներառյալ Ռուսաստանի հետ ծովային կամ ցամաքային սահմաններ ունեցող բոլոր շրջանները:
Մոսկվան հայտարարել է, թե «Ուկրաինայի նավերն ապօրինի եղանակով ներխուժել են Ռուսաստանի տարածքային ջրերը»: Ռուսաստանը Ղրիմի թերակղզին բռնակցել է 2014 թվականի մարտին:
Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից զատ Ուկրաինայի արևելյան շրջաններում շարունակվում են ընդհարումներն Ուկրաինայի բանակի և ռուս անջատականների ջոկատների միջև:
2014 թվականի ապրիլին մեկնարկած ռուս-ուկրաինական բախումներում զոհվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:
Կրեմլը հայտարարել է, որ ռազմական դրություն մտցնելու Կիևի որոշումն էլ ավելի կթեժացնի հակամարտությունը: