Մատչելիության հղումներ

Երևանում վաղը կմեկնարկի ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանը


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Երեքշաբթի առավոտյան Երևանում կմեկնարկի Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը: Բացման խոսքով հանդես կգա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նստաշրջանի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին:

Արա Բաբլոյանը այսօր ընդունել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևին:

Արա Բաբլոյանը կարևորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երևանում:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի անցկացման համար հայակական կողմը արել է հնարավորը, և ակնկալվում է արդյունավետ աշխատանք:

Ասաֆ Հաջիևը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում, ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սևծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ:

Ասաֆ Հաջիևը ադրբեջանցի է, նախկինում գլխավորել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակությունը, ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 2015 թվականին: Թե՛ որպես ՍԾՏՀ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, թե՛ որպես ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար նա քանիցս այցելել է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG