Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL խաղաղապահ առաքելությունում ներգրավված հայկական դասակի տեղակայման վայր:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ UNIFIL առաքելությանը մասնակցող ուժերի ռազմաբազայում պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է հայկական զորախմբի հրամանատար, մայոր Լեոնիդ Հովհաննիսյանը։ Զինվորական արարողակարգով հայկական պատվիրակությանը ողջունել է ռազմաբազայի փոխհրամանատար Իմռան Ռհիզան։
Դավիթ Տոնոյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ռազմաբազայի հրամանատարության և խաղաղապահ առաքելությունում ներգրավված զինծառայողների մասնակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ռազմաբազայի հյուրերի մատյանում։
Հանդիպման ավարտին պատվիրակությունն ուղևորվել է հայ խաղաղապահների պատասխանատվության տարածք։
Նույն օրը Դավիթ Տոնոյանը այցելել է ՄԱԿ-ի UNIFIL առաքելության արևմտյան հատվածում իտալական հրամանատարության ներքո ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել է Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Բրիգադի հրամանատարության և խաղաղապահ առաքելությունում ներգրավված զինծառայողների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան հայկական պատվիրակությանը մանրամասն ներկայացրել է բրիգադի կառուցվածքը, խնդիրները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։
Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև խաղաղապահ առաքելությունում ներգրավված հայ զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար։
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը աշխատանքային այցով Լիբանան է մեկնել նոյեմբերի 1-ին, հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարի հետ: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում խաղաղապահներ տեղակայելու համաձայնագիրը Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2014 թվականի հուլիսին: