Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով նոյեմբերի 1-ին մեկնել է Լիբանան։
Օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը, ինչից հետո երկու երկրների պաշտպանության նախարարներն ունեցել են կարճ քննարկում։
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, այսօր առավոտյան Դավիթ Տոնոյանն այցելել է Լիբանանի պաշտպանության նախարարություն, ծաղկեպսակ դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառել անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարներն ունեցել են աշխատանքային հանդիպում։ Քննարկվել են համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Տոնոյանն ու Սարրաֆը ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։
Լիբանանի պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնել է հայ խաղաղապահների տեղակայման վայր։