Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի կառավարությունը երկրի անվանափոխության հարցով դիմել է խորհրդարանին

Մակեդոնիայի խորհրդարանը
Մակեդոնիայի խորհրդարանը

Մակեդոնիայի կառավարությունը երկրի անվանափոխության հարցով սահմանադրության փոփոխությունների գործընթաց սկսելու խնդրանքով հոկտեմբերի 8-ին դիմել է խորհրդարանին։

Մակեդոնիայի սեպտեմբերի 30-ի անվանափոխության հանրաքվեն չկայացավ՝ բոյկոտի հետևանքով​. մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել երկրի անվանափոխությանը, սակայն հանրաքվեն չկայացավ, քանի որ քաղաքացիների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր եղել։

Ընտրատեղամասերի ավելի քան 97 տոկոսում քվեների հաշվարկը ցույց է տվել, որ ընտրողների 91.3 տոկոսը կողմ է երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն: Սակայն անվանափոխության հակառակորդների, այդ թվում՝ նախագահ Գյորգե Իվանովի և ընդդիմադիր պատգամավորների կողմից հայտարարված բոյկոտի հետևանքով ընտրողների մասնակցությունը ընդամենը 36.8 տոկոս է կազմել։

Մակեդոնիայի և Հունաստանի կառավարություններն այս տարվա հունիսին կնքել են համաձայնություն, ըստ որի Մակեդոնիան առաջիկայում կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»:

Մակեդոնիայի խորհրդարանը համաձայնությունը վավերացրել է հունիսի 20-ին՝ քվեների 69-0 հարաբերակցությամբ, սակայն նախագահ Գյորգե Իվանովն այդ համաձայնությունը «հակասահմանադրական» է անվանել:

Անվան շուրջ վեճը Սկոպյեի և Աթենքի միջև սկսվել է 1991 թվականից, երբ Մակեդոնիան խաղաղ ճանապարհով անջատվեց Հարավսլավիայից՝ անկախություն հռչակելով «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան ներքո: Հունաստանը դեմ է «Մակեդոնիա» անվանմանը և այն դիտարկում է որպես տարածքային ոտնձգություն, քանի որ ունի նույնանուն շրջան:

Հունաստանի հետ վեճը խոչընդոտ է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին:

XS
SM
MD
LG