Մատչելիության հղումներ

Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր ստորագրեցին՝ երկարամյա վեճին վերջ տալու համար


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը (աջից) և Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը ողջագուրվում են համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ, 17-ը հունիսի, 2018թ․

Հունաստանն ու Մակեդոնիան կիրակի օրը համաձայնագիր ստորագրեցին երկու երկրների միջև երկարամյա վիճաբանությանը վերջ տալու համար:

Փաստաթուղթը ստորագրեցին երկու երկրների արտգործնախարարները:

27 տարի շարունակված վիճաբանությունից, հակասությունից հետո կողմերը համաձայնեցին, որ Մակեդոնիան այսուհետև կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիա։

Չլուծված հակասությունը խոչընդոտ էր Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Աթենքը կհանի իր առարկությունները:

«Սա պատմական քայլ է, որտեղ միայն հաղթողներ կան՝ բուժելու համար անցյալի վերքերը և առաջ շարժվելու խաղաղության, փոխշահավետ համագործակցության ճանապարհով ոչ միայն Բալկանների, այլև ամբողջ Եվրոպայի համար», - փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ասաց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն էլ հայտարարեց, թե հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել առանց համարձակության։

Հիշեցնենք՝ պաշտոնական Աթենքը չէր ընդունում Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը, որ երկիրն ընտրել էր նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո, քանի որ Հունաստանի հյուսիսային նահանգը ևս կոչվում է Մակեդոնիա:

Հակասությունների հաղթահարմանն ուղղված փաստաթուղթը կիրակի օրը ստորագրվեց Հունաստանի, Մակեդոնիայի և Ալբանիայի սահմանների միջև ընկած Պրեսպա լճի մոտ: Արարողությանը մասնակցեցին Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները, Եվրամիության առաջնորդները, ՄԱԿ-ի միջնորդը:

Սակայն դեռ հաղթահարելու դժվարություններ կան՝ երկու երկրների խորհրդարաններում համաձայնագիրը պետք է վավերացվի, Մակեդոնիայի խորհրդարանում հավանություն ստանալու դեպքում հարցը նաև հանրաքվեի է դրվելու:

Փաստաթղթի ստորագրման օրը հույները բողոքի ցույցի դուրս եկան Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի սահմանի մոտ: Նրանք ասում էին, որ «այստեղ ամեն ինչ հունական է, միայն հունական, Մակեդոնիան Հունաստան է»: Ցուցարարների և ոստիկանների միջև նաև բախումներ են տեղի ունեցել:

Երեկ նաև Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել: Մակեդոնիայի ազգայնականների առաջնորդները ասում էին, որ այդ համաձայնագիրը կապիտուլյացիա է: «Վարչապետը փոխում է մեր երկրի հարյուրամյա անվանումը», - հայտարարում էին նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG