Մակեդոնիայում երեկ անցկացված հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի անվանափոխությանը, սակայն հանրաքվեն չի կայացել, քանի որ մասնակցությունը 50 տոկոսից ցածր է եղել։
Ընտրատեղամասերի ավելի քան 97 տոկոսում քվեների հաշվարկը ցույց է տվել, որ ընտրողների 91.3 տոկոսը կողմ է երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն: Սակայն անվանափոխության հակառակորդների, այդ թվում՝ նախագահ Գյորգե Իվանովի և ընդդիմադիր պատգամավորների կողմից հայտարարված բոյկոտի հետևանքով ընտրողների մասնակցությունը ընդամենը 36.8 տոկոս է կազմել։
Մակեդոնիայի և Հունաստանի կառավարությունները այս տարվա հունիսին կնքել են համաձայնություն, ըստ որի Մակեդոնիան առաջիկայում կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»:
Մակեդոնիայի խորհրդարանը համաձայնությունը վավերացրել է հունիսի 20-ին՝ քվեների 69-0 հարաբերակցությամբ, սակայն նախագահ Գյորգե Իվանովն այդ համաձայնությունը «հակասահմանադրական» է անվանել:
Անվան շուրջ վեճը Սկոպյեի և Աթենքի միջև սկսվել է 1991 թվականից, երբ Մակեդոնիան խաղաղ ճանապարհով անջատվեց Հարավսլավիայից՝ անկախություն հռչակելով «Մակեդոնիայի Հանրապետություն» անվան ներքո: Հունաստանը դեմ է «Մակեդոնիա» անվանմանը և այն դիտարկում է որպես տարածքային ոտնձգություն, քանի որ ունի նույնանուն շրջան:
Հունաստանի հետ վեճը խոչընդոտ է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցության ճանապարհին: