Մատչելիության հղումներ

«Մակեդոնիան մնում է Մակեդոնիա». ընդդիմախոսները Սկոպյեում տոնում էին տապալված հանրաքվեն

«Հանրաքվեն տապալվեց», «հաղթանակ», «Մակեդոնիան մնում է Մակեդոնիա», այս կարգախոսների ներքո նախկին հարավսլավական հանրապետության անվանափոխման ընդդիմախոսները երեկ Սկոպյեի կենտրոնական հրապարակում տոնում էին տապալված հանրաքվեն:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 36 տոկոսն՝ անհրաժեշտ 50-ի փոխարեն: Ընտրություններին մասնակցած մակեդոնացիների մեծամասնությունը, սակայն, կողմ է քվեարկել երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելուն:

Հանրաքվեն խորհրդատվական բնույթ է կրում, վերջնական որոշումը պետք է ընդունի խորհրդարանը:

Երկրի վարչապետ Զարան Զաևը, չնայած հանրաքվեի տապամանը, հայտարարել է, որ այն հաջող էր և պետք է հարգել ընտրողների կամքը:

Զաևի խոսքով՝ երկրի անվանափոխության և եվրաինտեգրման հարցն այժմ տեղափոխվում է խորհրդարան: Այստեղ անհրաժեշտ է 120 ձայներից 80-ը: Իշխող կոալիցիան ունի ընդամենը 69 պատգամավոր: Վարչապետը նախազգուշացրել է՝ որոշումը չընդունվելու դեպքում կցրի խորհրդարանը՝ հայտարարելով նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ես գիտեմ, ընդդիմությունն էլ գիտի, բոլոր քաղաքացիներն էլ գիտեն՝ Հունաստանի հետ ավելի լավ համաձայնագիր չի լինի: Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու համար այլընտրանք չկա: Եկեք խաղեր չխաղանք, ես ուզում եմ դիմել խորհրդարանի յուրաքանչյուր անդամի՝ եկեք ազգային շահը, քաղաքացիների և ռազմավարական շահը բարձր դասենք քաղաքականությունից և կուսակցական տարաձայնություններից», - հայտարարել է վարչապետը։

Մակեդոնիայի անվանափոխության հարցը հարևան Հունաստանի հետ ձեռք բերված պատմական համաձայնագրի մաս է կազմում, որն էլ իր հերթին Մակեդոնիայի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու գլխավոր նախապայմանն է:

Աթենքը պնդում է, որ Մակեդոնիա անվանումը տարածքային պահանջներ է ենթադրում Հունաստանի հյուսիսի համանուն շրջանի նկատմամբ։

Հունաստանի պահանջով Մակեդոնիան ՄԱԿ-ի կազմում ընդգրկվել է նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ։ Նույն պատճառներից ելնելով ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունաստանը նաև արգելափակել է Մակեդոնիայի անդամակցությունն այդ կազմակերպություններին։

Հարցը մեռյալ կետից փոքր-ինչ շարժվեց վերջին տարիներին, իսկ ամռանը կողմերը հստակ համաձայնության եկան՝ փոխել երկրի անվանումը, որի դեպքում Հունաստանը չի խոչընդոտի հարևան երկրի եվրաինտեգրման քայլերին:

Այս համաձայնագիրը, սակայն, կոշտ քննադատության արժանացավ ինչպես Հունաստանում, որտեղ պնդում են, որ ընդհանրապես պետք է հրաժարվել Մակեդոնիա անվանումից, այնպես էլ Մակեդոնիայում, որտեղ Հունաստանի հետ գործարքը գնահատում են նվաստացուցիչ:

Մակեդոնացիներն, ադ թվում՝ ազգայնականները, երկրի նախագահը, վարչապետի՝ զիջումների գնալու պատրաստակամությունը որակեցին դավաճանություն՝ պահանջելով նրա հրաժարականը։

Շուրջ երեսուն տասնամյակ ձգվող վեճը կարգավորելու հարցով այդ համաձայնագիրը, ըստ մակեդոնացիների, հարվածում է երկրի արժանապատվությանը:

«Մենք ցանկանում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, բայց ուզում ենք դա անել գլուխներս բարձր, ոչ թե ծնկաչոք մտնել, ոչ թե մտնել աղախինների, այլ հիմնական դռնով: Թեև մենք փոքր երկիր ենք, ոչ այնքան ազդեցիկ, բայց մենք ունենք արժանապատվություն», - ասել է երկրի անվանափոխությանն ընդդիմացող ակտիվիստ Վլադիմիր Կավադարակովը։

Մակեդոնիայի անվանափոխության հակառակորդներին միացավ նաև Ռուսաստանը՝ չթաքցնելով, որ դեմ է ևս մեկ բալկանյան պետության արևմտյան կառույցներին անդամակցելու հեռանկարին և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Մակեդոնիայի արևմտամետ շրջանակները պնդում են, որ Մոսկվան ամեն կերպ աջակցել է երկրի ընդդիմությանը, որը, նախագահի գլխավորությամբ, կոչ էր անում բոյկոտել հանրաքվեն:

Անցած հուլիսին էլ Աթենքն արտաքսեց երկու ռուսաստանցի դիվանագետների՝ մեղադրելով նրանց Մակեդոնիայի հետ համաձայնագրի դեմ Հունաստանում զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպելու փորձերի մեջ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG