Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Սենցովի հացադուլի հարյուր օրը


Համերաշխության ակցիա՝ Օլեգ Սենցովին ազատելու պահանջով, Կիև, 1-ը հուլիսի, 2018թ.
Համերաշխության ակցիա՝ Օլեգ Սենցովին ազատելու պահանջով, Կիև, 1-ը հուլիսի, 2018թ.

Կարելիայում Լաբիտնանգի անվամբ բանտում 20 տարվա ազատազրկման պատիժը կրող ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը շարունակում է հացադուլը: Այսօր լրանում է բողոքի այդ ծայրահեղ ակցիայի 100-րդ օրը:

2014 թվականի գարնանը՝ Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո, ռուսական ոստիկանությունը սցենարիստ, գրող և ռեժիսոր Սենցովին ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել է Ղրիմում:

Ըստ ռուսաստանցի իրավապահների, Սենցովը «Աջ սեկտոր» ուկրաինական ազգայնական-դիվերսիոն խմբի անդամ է և իրագործել է մի շարք ահաբեկչական գործողություններ Ղրիմի տարածքում:

Ուկրաինացի կինոռեժիսորը ներկայացված մեղադրանքն անհեթեթություն է անվանել և ասել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:

Դատարանը 2015 թվականի օգոստոսին Սենցովին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

Մի շարք միջազգային իրավապաշտպան կառույցներ, կինոաշխարհի միություններ և կրոնական կազմակերպություններ պահանջել են ազատ արձակել Սենցովին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կինոռեժիսորի խնդիրը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Գերմանացի օրենսդիրները կանցլեր Անգելա Մերկելին հորդորել են արծարծել Սենցովի թեման Պուտինի հետ զրույցում:

100 օր առաջ՝ մայիսի 14-ին, Սենցովը հացադուլ է հայտարարել և պահանջել է ազատել բոլոր քաղբանտարկյալներին:

Սենցովի փաստաբան Դմիտրի Դինզեն ասել է, թե Կրեմլի դիրքորոշումը կարելի է որակել մեկ նախադասությամբ՝ «թող սատկի, ուրիշների համար լավ դաս կլինի»:

Փաստաբանի փոխանցմամբ, պաշտպանյալը շատ թույլ է, գրեթե չի բարձրանում անկողնուց և ունի ցավեր սրտի շրջանում:

Սենցովին բանտում այցելած ազգական Նատալյա Կապլանն ասել է, որ ռեժիսորը կտրականապես հրաժարվում է ներման խնդրագրով դիմել Պուտինին: Ըստ Կապլանի, Սենցովն ասել է, թե «վերջը մոտ է»:

Օգոստոսի 14-ին Կրեմլը մերժել է որդուն ներում շնորհելու Սենցովի մոր դիմումը: Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե, ըստ գործող կարգի, բանտարկյալն անձամբ պետք է ներման խնդրագիր ներկայացնի:

Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի փորձագետները պահանջել են առանց նախապայմանների անհապաղ ազատել Սենցովին:

«Նրա կյանքն անմիջական վտանգի տակ է, նրա դատավարությունը և դատավճիռը չեն համապատասխանել միջազգային իրավունքի պահանջներին», - հայտարարել են ՄԱԿ-ի փորձագետները:

Ռուսաստանի Դաշնության իշխանությունն այսօրվա դրությամբ մնում է անդրդվելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG