Մատչելիության հղումներ

Ռուսական բանտում հացադուլի մեջ գտնվող ուկրաինացի ռեժիսորի վիճակը «աղետալի է»


Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Դոնի Ռոստովի դատարանում, օգոստոս, 2015թ․
Ռուսաստան - Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Դոնի Ռոստովի դատարանում, օգոստոս, 2015թ․

Ռուսական բանտում 88-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը թերևս ոտքի չկանգնի, նրա վիճակը ոչ թե պարզապես վատ է, այլ աղետալի է: Այս մասին հայտնել է ռեժիսորի քույրը՝ Նատալյա Կապլանը, վկայակոչելով փաստաբանի միջոցով Սենցովի փոխանցած նամակը:

Ահաբեկչության մեղադրանքով Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսորը նամակում գրել է, թե «վերջը մոտ է»: «Նա գրեթե ոտքի չի կանգնում, գրել է, որ վերջը մոտ է, և խոսքը ազատ արձակման մասին չէ: Հարցնում է՝ արդյոք հետաքրքրվո՞ւմ են իր հացադուլով, որևէ նամակ չի ստանում, ասում է՝ տեղեկատվական վակուումի մեջ է», - Սենցովի խոսքերն է փոխանցել նրա քույրը:

Արդեն չորս տարի ճաղերի ետևում գտնվում Օլեգ Սենցովը հացադուլ է հայտարարել մոտ երեք ամիս առաջ՝ մայիսի 14-ին, Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Պուտինի վարչակազմը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել այդ պահանջներին: Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան, ով հացադուլի 47-րդ օրը հանդիպել է ռեժիսորի հետ, նրա վիճակը գնահատել է «բավարար»: Սենցովի փաստաբանը, մինչդեռ, հակառակի մասին է ահազանգում՝ նշելով, որ ռեժիսորի առողջական վիճակը օր օրի վատթարանում է:

Ղրիմում ծնված ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից թերակղզին բռնակցելուց հետո: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Ղրիմի ռուսամետ իշխանությունների ընդդիմախոս 41-ամյա ռեժիսորը մի քանի այլ անձանց հետ իբր հրդեհել է ոստիկանական բաժանմունքն ու ահաբեկչություններ ծրագրել Ղրիմում, սակայն այս մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չեն հրապարակվել:

«Տարիներ շարունակ արտասահմանում խնդրագրեր են ստորագրվել, հայտնի մարդիկ դիմել են նախագահ Պուտինին՝ նրան ազատելու հարցով, խոսել են գործի անհեթեթության ու մեղադրանքի՝ անհիմն լինելու մասին, սակայն՝ ապարդյուն», - գրել է գերմանական Die Zeit պարբերականը, նկատելով՝ ռեժիսորը ծայրահեղ քայլի դիմեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ՝ գրավելու միջազգային համայնքի ուշադրությունը, սակայն կարծես դա էլ ոչինչ չփոխեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG