Պաշտոնական Բաքուն ամփոփում է Գյանջայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների նախնական քննության արդյունքները: Ավելի քան քան վեց տասնյակ մարդ ձերբակալվել և քրեական պատասխանատվության է ենթարկել, նրանք բոլորը ծայրահեղական կրոնական խմբավորումների ներկայացուցիչներ են, «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:
Հուլիսի 3-ին Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետի դեմ իրականացվել էր հարձակում, որի հետևանքով Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևը և նրա թիկնապահ Գասըմ Աշբազովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հարձակումից մեկ շաբաթ անց Գյանջայում հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ՝ աջակցություն հայտնելու մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Յունիս Սաֆարովին և բողոքելու քաղաքապետի ապօրինությունների դեմ: Ցույցը շուտով վերածվել էր բախումների, սուր, ծակող գործիքներով սպանվել են երկու ոստիկաններ:
Այդ օրը անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված 61 հոգուց բացի, ինչպես հայտնում են Ադրբեջանի իրավապահները, ևս 13 մարդ հետախուզվում է, իսկ անցած օրերին ոստիկանական գործողությունների ժամանակ չորս կասկածյալ էլ վերացվել է:
Ըստ երկրի պաշտոնական լրատվամիջոցների՝ սպանված կասկածյալներից ոմանք կապեր էին ունեցել Իրանի հետ, մասնակցել էին սիրիական պատերազմին, հենց այդտեղ՝ ծայրահեղական խմբավորումներում էլ ռազմական պատրաստություն անցել:
Քաղաքապետի վրա հարձակումը, ինչպես նաև հաջորդած իրադարձությունները Ադրբեջանի իրավապահները որակում են կրոնական հողի վրա իրականացված ահաբեկչություն, որի նպատակը երկրի կայունությունը խարխլելն է:
Ընդ որում, ըստ պաշտոնական Բաքվի, Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների ետևում կանգնած են օտարերկրյա ուժերը՝ այդ թվում Ադրբեջանի հայամետ թշնամիները: Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը արյունալի այդ իրադարձություններից հետո հայտարարել էր՝ «Գյանջայում տեղի ունեցած սադրիչ գործողությունները վկայում են, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի զարգացումն ու հաջողությունը լրջորեն մտահոգում են որոշ օտար ուժերի, այդ թվում՝ Հայաստանին»: