Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապահները սպանել են Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի գործով արդեն չորրորդ կասկածյալին


Ադրբեջան - Ոստիկանական ավտոմեքենաներ, արխիվ
Ադրբեջան - Ոստիկանական ավտոմեքենաներ, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները մեկը մյուսի ետևից վերացնում են մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի քաղաքապետի դեմ ամսվա սկզբին իրականացված մահափորձին առնչություն ունեցող անձանց: Ըստ «Թուրան» գործակալության, իրավապահ մարմինները երեկ սպանել են այս գործով անցնող արդեն չորրորդ կասկածյալին՝ Աղա Սարհանիին, ով մեղադրվում էր հանցագործությունը ծրագրելու մեջ:

Սարհանիի նկատմամբ հետախուզում էր հայտարարված, մինչ այս պահը, սակայն, չի հաղորդվում՝ որտեղ և ինչ հանգամանքներում է նա սպանվել: Փոխարենը՝ պաշտոնական լրատվամիջոցները ծավալուն մանրամասներ են ներկայացնում սպանվածի անցյալի վերաբերյալ, դատախազությունը պնդում է, թե Սարհանին մասնակցել էր սիրիական պատերազմին, հենց այդտեղ՝ ծայրահեղական խմբավորումներում էլ ռազմական պատրաստվածություն անցել և աչքի ընկել Իրան կատարած հաճախակի այցերով:

«Մինչև հիմա, սակայն, որևէ մեկը չի պարզաբանում՝ ինչու են հատուկ ծառայությունները սպանում այս գործով անցնող կասկածյալներին, անհասկանալի է՝ առանց մեղադրյալների ինչպե՞ս է քննչական մարմինը գործը հետաքննելու», - փաստում է «Թուրան» գործակալությունը՝ հավելելով․ - «Տպավորություն է, ասես իշխանություններն իրենք իրենց համար ամեն ինչ արդեն պարզել են»:

Մեկը մյուսին հաջորդող սպանություններին զուգահեռ չի դադարում պետական քարոզարշավը. պետական լրատվամիջոցները շարունակում են Գյանջայում տեղի ունեցած անկարգությունները կապել օտարերկրյա ուժերի ու դավադրությունների հետ: «Ով չի զլանում՝ հայտարարում է, որ այդ բողոքի ակցիաները թշնամիների, հայամետ ուժերի և ծայրահեղական ընդդիմության ձեռքի գործն է», - անցած շաբաթ գրել էր «Թուրան»-ը, փաստելով՝ մատնանշվում են անհավանական պատճառներ ու մեղավորներ, հիմնականում՝ առանց ապացույցների:

Հուլիսի 3-ին քաղաքապետի դեմ իրականացված հարձակումից մեկ շաբաթ անց Գյանջայում հարյուրավոր մարդիկ էին փողոց դուրս եկել՝ աջակցություն հայտնելու մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Յունիս Սաֆարովին: Ցույցը շուտով վերածվել էր բախումների, սուր, ծակող գործիքների զոհ էր դարձել երկու ոստիկան:

Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը արյունալի այդ իրադարձություններից հետո հայտարարել էր՝ «Գյանջայում տեղի ունեցած սադրիչ գործողությունները վկայում են, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի զարգացումն ու հաջողությունը լրջորեն մտահոգում են որոշ օտար ուժերի, այդ թվում՝ Հայաստանին»:

Ադրբեջանական ընդդիմությունը, մինչդեռ, կատարվածի ետևում բոլորովին այլ դրդապատճառներ է տեսնում: «Նախ՝ մարդիկ ի վիճակի չեն արդարության հասնել, բացի այդ՝ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բնակչության շրջանում կրթության մակարդակի անկման մասին», - օրեր առաջ հայտարարել էր ընդդիմադիր REAL շարժման ղեկավար անդամներից Նաթիգ Ջաֆարլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG