Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները Գյանջայի իրադարձություններում հայկական հետք են նշմարում


Գյանջա, արխիվ
Գյանջա, արխիվ

«Գյանջայում տեղի ունեցած սադրիչ գործողությունները վկայում են, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի զարգացումն ու հաջողությունը լրջորեն մտահոգում են որոշ օտար ուժերի, այդ թվում Հայաստանին»: Այսօր կեսօրին Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում երեկ տեղի ունեցած իրադարձությունները:

Իրադրությունը Գյանջայում սրվեց երեկ երեկոյան, երբ սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպված ցույցի դուրս եկան քաղաքի մի քանի հարյուր բնակիչներ՝ փորձելով իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ անցած շաբաթ տեղի ունեցած մահափորձի մեջ մեղադրվող և այժմ անազատության մեջ գտնվող Յունիս Սաֆարովին:

Գյանջայի ոստիկանությունը հենց հավաքի մեկնարկին փորձեց ցրել դրա մասնակցիներին: Հեռախոսներով արված տեսագրություններում երևում է, որ քաղաքի կենտրոնական հրապարակում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև գրեթե միանգամից բախումներ սկսվեցին, որոնցից մեկի ժամանակ էլ դանակահարվեցին այնտեղ գտնվող երկու բարձրաստիճան ոստիկանները` ներքին գործերի քաղաքային վարչության պետի տեղակալ Իլգար Բալաքիշիևը և Նիզամիի շրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Սամեդ Աբասովը:

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Գյանջայում կազմակերպված բողոքի ակցիայից առաջ քաղաքում ներքին զորքերի մի շարք ստորաբաժանումներ էին տեղակայվել: Չնայած դրան, տեսագրություններից մեկում երևում է, որ ցուցարարների հետ բախումներում ներգրավված են անզեն և հատուկ միջոցներ չկրող պարեկային ոստիկանները: Միայն բարձրաստիճան ոստիկանների սպանությունից հետո Գյանջայի ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց և բերման ենթարկեց բողոքի գործողության մոտ չորս տասնյակ մասնակիցների:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ սպանության մեջ կասկածվող երկու անձանց` Ռաշադ Բույուքքիշևին և Ֆարուխ Ղասիմովին ոստիկանները չկարողացան բերման ենթարկել, նրանք այժմ հետախուզման մեջ են: Այս ամենի ֆոնին Բաքվում փորձում են հասկանալ` ո՞րն է Գյանջայում իրադրության նման կտրուկ սրման պատճառը: Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ ավելի քան 300 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից քաղաքային իշխանությունների, մասնավորաբար, այժմ Իսրայելի հիվանդանոցներից մեկում գտնվող քաղաքապետ Էլմար Վելիևի կոռումպացվածության և լկտի պահվածքի հետևանքով:

Մինչդեռ պաշտոնական մարմիններն ու իշխանամետ մեկնաբանները պնդում են, որ Գյանջայի իրադարձությունների հետևում օտար ուժեր են կանգնած: Բայց եթե Արդբեջանի արտաքին գործերի նախարարությունն ակնարկում է, որ Գյանջայի իրադարձություններում հայկական հետք է նշմարվում, ապա նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի համոզմամբ՝ ճգնաժամի իրական մեղավորներն Արաքսի մյուս ափին են:

«Բազմիցս շփվելով իրանցի պետական գործիչների և դիվանագետների հետ` ես հստակ մի փաստ եմ արձանագրել․ Ադրբեջանի հանդեպ Իրանի քաղաքական վերնախավում մշտապես երկու հակադարձ միտումներ են առկա` մի կողմից թշնամության, մյուս կողմից բարիդրացիության և եղբայրական համագործակցության գաղափարները: Գյանջայի իրադարձությունները վկայում են, որ այժմ Իրանում առաջատար դիրքեր ունեն Ադրբեջանի հետ հակամարտության գաղափարին հակված ուժերը»,- գրում է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:

Ընդդիմադիր REAL շարժման ղեկավար անդամներից Նաթիգ Ջաֆարլին, անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին, նշում է․ «Գյանջայի դեպքերը երկու հիմնարար պատճառներից են բխում` նախ մարդիկ ի վիճակի չեն արդարության հասնել, բացի այդ, տեղի ունեցած իրադարձությունները վկայում են ազգաբնակչության շրջանում կրթության մակարդակի անկման մասին»:

Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Ժողովդրական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլիի համոզմամբ՝ տեղի ունեցածը սադրանք էր: «Որևե մեկը ո՛չ ընդդիմության շարքերում, և ո՛չ էլ Գյանջայում, չէր ցանկանում որպեսզի ոստիկաններ սպանվեն: Դա չէ ադրբեջանական հանրության ցանկությունը: Տեղի ունեցածը սադրանք էր, որը մենք դատապտում ենք»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է Քերիմլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG