Մատչելիության հղումներ

Փոմփեո. Ղրիմի հարցում Վաշինգտոնի մոտեցումը անփոփոխ է


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, 25-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, 25-ը հուլիսի, 2018թ․

Ղրիմի բռնակցման հարցում պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումը անփոփոխ է` ամերիկյան իշխանությունները շարունակում են թերակղզին ճանաչել որպես Ուկրաինայի բաղկացուցիչ մաս: Այս մասին չորեքշաբթի երեկոյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` նշելով, որ այս առթիվ ամերիկյան իշխանությունները հանդես են եկել հատուկ հայտարարությամբ:

«Այսօր Թրամփի վարչակազմը հրապարակել է [մի փաստաթուղթ], որը մենք անվանել ենք «Ղրիմի հռչակագիր»: Դրանում մասնավորաբար նշված է․ - «Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին հետևել այն սկզբունքներին, որոնց հավատարմության մասին Մոսկվան հայտարարում էր տարիներ շարունակ, և դադարեցնել Ղրիմի օկուպացիան», - Սպիտակ տան հայտարարության մի հատված ընթերցեց պետքարտուղար Փոփմեոն` իր անունից հավելելով․ - «Ես ցանկանում եմ հանձնաժողովի անդամներին փոխանցել, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի բռնակցմանն ուղղված Կրեմլի ձգտումները: Մենք մեր դաշնակիցների և ողջ միջազգային հանրության հետ միասին շարունակում ենք հավատարիմ մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչման մեր հանձնառությանը: Ղրիմի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում չի լինի, քանի դեռ թերակղզին չի վերադարձվել Ուկրաինային: «Ղրիմի հռչակագիրը» թերակղզու բռնակցման ճանաչումը ժխտելու ԱՄՆ քաղաքականությանը իրավական ձևակերպում է հաղորդում», - նշում էր պետքարտուղար Փոմփեոն:

Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ այս քայլով Թրամփի վարչակազմը փորձում է փարատել կոնգրեսականների շրջանում առկա այն լուրջ մտավախությունները, թե կարող է զիջումների գնալ Ղրիմի հարցում: Սենատի անդամներին հատկապես մտահոգել էր այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հուլիսի 16-ին Հելսինկիում ավելի երկու ժամ շարունակված դեմ առ դեմ հանդիպում են ունեցել:

«Մենք չգիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել [այդ հանդիպման ընթացքում]», - պնդում էր Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Պետքարտուղար Փոմփեոն այս պնդմանը կտրականապես համաձայն չէր:

«Կարծում եմ, որ ես բավական ամբողջական պատկերացում ունեմ, թե ինչ է կատարվել այդ հանդիպման ժամանակ», - նշում էր Պետդեպարտամենտի ղեկավարը` մեկ անգամ ևս անդրադառնալով նաև Դոնալդ Թրամփի Հելսինկիում արած այն հայտարարությանը, որ վերաբերում էր Ռուսաստանի միջամտությանը 2016 թվականի ամերիկյան ընտրություններին:

Հուլիսի 16-ին Թրամփը սկզբում հայտարարեց, թե հակված չէ կարծել, որ ընտրություններին ռուսական միջամտությունը իրականություն է: Ժամեր անց ԱՄՆ նախագահը խոստովանեց, որ դա լեզվի սայթաքում էր, և ինքը որևէ կասկած չունի, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ամերիկյան ընտրություններին: Պետքարտուղար Փոմփեոյի խոսքով ևս՝ Թրամփը ռուսական միջամտության հարցում երբեք որևէ կասկած չի ունեցել:

«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ընդունում է 2016 թվականի ընտրություններին միջամտության վերաբերյալ մեր հետախուզական ծառայությունների եզրակացությունները: Տեղի ուենցած վերաբերյալ նախագահը հստակ և ամբողջական պատկերացում ունի: Ես դա գիտեմ, քանի որ հենց ես եմ շուրջ մեկ տարի նրան տեղեկություններ փոխանցել այս խնդրի շուրջ», - հայտարարում էր Փոմփեոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշում է, որ ընտրություններին Ռուսասստանի միջամտության հարցը Թրամփը արծարծել է Ռուսաստանի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում:

«Նախագահը բացահայտել է, թե ինչ է ասել Վլադիմիր Պուտինին ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ: Նախագահն ասել է, որ այդ խոսակցության արդյունքում, իր կարծիքով, Վլադիմիրը հասկացել է, որ նման պահվածքը անթույլատրելի է», - նշում էր Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG