Մատչելիության հղումներ

Թրամփ. «Պուտինն ինձ ասաց, որ Ռուսաստանը ամերիկյան ընտրություններին չի միջամտել»


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները Հելսինկիում համատեղ ասուլիսի ժամանակ, 16-ը հուլիսի, 2018թ.
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները Հելսինկիում համատեղ ասուլիսի ժամանակ, 16-ը հուլիսի, 2018թ.

«Ռուսաստանի նախագահը ուժեղ [ղեկավար] է», - երեկ Հելսինկիում կայացած բանակցություններից հետո Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկ անգամ ևս վերահաստատելով 2016-ի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հավանականության վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր տեսակետը:

«Նախևառաջ [Պուտինը] ասաց, որ ընտրություններին միջամտելու նպատակով որևէ դավադրություն չի եղել: Նա նաև հստակորեն նշեց, որ ռուսական կողմը Թրամփին վարկաբեկող տեղեկատվության չի տիրապետում: Գիտեք, եթե նման տեղեկատվություն իրականում գոյություն ունենար, ապա այն վաղուց արդեն հրապարակած կլիներ», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփի պնդմամբ՝ ցավալի է, որ միջազգային օրակարգի կարևորագույն հարցերի քննարկմանը զուգահեռ ինքն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ միասին սկսում է քննարկել ներամերիկյան հակասություններին վերաբերող հարցերը:

«Ըստ իս ամոթալի է, երբ մենք խոսում ենք միջուկային զենքի չտարածման, Սիրիայում ստեղծված կացության և մարդասիրական օգնություն տրամադրելու, նմանատիպ այլ հարցերի մասին, հետո էլ գալիս հասնում ենք վհուկների որսին: Չեմ կարծում, որ երկրից դուրս գտնվող մարդիկ այդ ամենին լուրջ են վերաբերվում, բայց լրագրողները սիրում են նման թեմաներ լուսաբանել: Ես կարծում եմ՝ նախագահ Պուտինը շատ, շատ ուժեղ է», - նշում էր Թրամփը:

Վաշինգտոնում, սակայն, Սպիտակ տան ղեկավարի պահվածքը ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում և դրան հետևած հայտարարությունները արդեն իսկ արժանանում են թե՛ դեմոկրատների և թե՛ հանրապետականների կոշտ քննադատությանը: Ամերիկացի քաղաքական գործիչները դժգոհում են հատկապես Թրամփի` Ֆինլանդիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն հայտարարության առթիվ, որում նա քննադատում էր ամերիկյան ուժային կառույցներին և նշում, որ 2016-ի ամերիկյան ընտրություններին միջամտության շուրջ ընթացող հետաքննությունը մեծապես վնասում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին:

«Թրամփը Պուտինի գրպանում է: Որտե՞ղ են հանրապետական հայրենասերները», - Հելսինկիի գագաթնաժողովի ավարտից մի քանի ժամ անց Twitter-ում հռետորական նման հարցադրմամբ հանդես եկավ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը:

«Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսը Միացյալ Նահանգների նախագահի՝ իմ մտաբերած ամենախայտառակ հանրային ելույթն էր», - նույնպես Twitter-ում գրել է հանրապետական սենատոր, նախագահության նախկին թեկնածու Ջոն ՄըքՔեյնը:

Թրամփի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ նախագահի հասցեին հնչող կոշտ քննադատությունը իրականում քաղաքական հակառակորդների զուտ անձնական հակակրանքի և ոչ այնքան բարձր մասնագիտական որակների վկայությունն է: Fox News-ի եթերում այս մասին խոսում էր Քենթաքիից ընտրված հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:

«Ջոն ՄըքՔեյնը սխալվել է վերջին 40 տարիների ընթացքում կայացված արտաքին քաղաքական բոլոր որոշումների դեպքում: Նա պարզապես սիրում է անվանարկել մարդկանց, մեղադրել նրանց Ռուսաստանի նախագահի օգտին աշխատելու մեջ: Դեմոկրատները ևս սիրում են բոլորին դավաճանության մեջ մեղադրել` պնդելով, որ նախագահին վարկաբեկող տեղեկություններ են առկա: Փոխարենը` գուցե Թրամփը պարզապես ազնվորեն ցանկանում է նվազեցնել հակամարտությունների և պատերազմների ծագման հավանականությունն աշխարհում», - նշում էր Ռենդ Փոլը:

Նկատենք, սակայն, որ Դոնալդ Թրամփի հասցեին Վաշինգտոնում հնչեցվող քննադատական հայտարարությունները անհամեմատ ավելի շատ են: ԱՄՆ նախագահին քննադատում են անգամ նրա երբեմնի հավատարիմ կողմնակիցները` ինչպես, օրինակ, Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը:

«Նախագահ Թրամփը պետք է պարզաբանի մեր հատուկ ծառայություններին և Պուտինին վերաբերող իր հայտարարությունները: Սա նրա նախագահության ընթացքում թույլ տրված ամենալուրջ սխալն է, և այն հարկավոր է անհապաղ կերպով ուղղել», - գրել է Գինգրիչը:

Թրամփին ուղղված թերևս ամենակոշտ քննադատության հեղինակը, այդուհանդերձ, դարձավ դեմոկրատ սենատոր Չաք Շումերը:

«Ամերիկյան ողջ պատմության ընթացքում չի եղել նման նախագահ, որ կաջակցեր հակառակորդ պետությանը այնպես, ինչպես դա արեց նախագահ Թրամփը` իր աջակցությունը հայտնելով Վլադիմիր Պուտինին: Ի՞նչը կարող էր ստիպել Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի նա Ռուսաստանի շահերը վեր դասի իր երկրի շահերից: Միլիոնավոր ամերիկացիներ շարունակելու նույն հարցը հնչեցնել` արդյո՞ք այս վտանգավոր պահվածքի միակ բացատրությունը Դոնալդ Թրամփին վարկաբեկող տեղեկությունները չեն, որոնք գտնվում են Ռուսաստանի նախագահի ձեռքում», - հայտարարում էր Շումերը:

Ինքը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս քննադատությանը հակադարձեց իրեն հոգեհարազատ ձևաչափով` Twitter-ում արված գրառմամբ:

«Ես գերադասում եմ քաղաքական ռիսկի դիմել խաղաղության հասնելու համար, քան վտանգել խաղաղությունը` քաղաքական խնդիրների լուծմանը հասնելու նպատակով», - գրել է Թրամփը Հելսինկիից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG