Մատչելիության հղումներ

«Մենք առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա»


ԱՄՆ և ՌԴ նախագահների համատեղ ասուլիսը, Հելսինկի, 16 հուլիսի, 2018թ.

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը:

Պայմանավորվածության համաձայն, Թրամփը և Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ: Ապա տեղի է ունեցել ընդլայված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը:

Առաջինը խոսել է նախագահ Պուտինը, ով ասել է, որ կողմերը բաց և անկեղծ քննարկել են առկա խնդիրները: Նրա փոխանցմամբ, այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները:

Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների և հրատապ այլ թեմաների մասին:

«Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք», - ասել է Պուտինը:

Ասուլիսում նա անդրադարձել է նաև 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանն առնչվող խնդրին՝ հերթական անգամ պնդելով, որ Մոսկվան երբևէ չի միջամտել և չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին:

Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»:

Նախագահ Թրամփը, իր հերթին, վերստին պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին:

Նա ասել է, որ ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը և ամբողջ աշխարհը:

«Մենք գիտենք մեր համագործակցության արժեքը», - ասել է Թրամփը՝ հիշեցնելով, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ:

«Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության և խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի», - ասել է Թրամփը:

Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացման մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը:

«Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է», - կատակով ասել է Պուտինը և մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Նախագահ Թրամփն ասել է, որ այդ գնդակը կփոխանցի իր կրտսեր որդուն՝ Բերոնին:

Այսպիսով, երկու գերտերությունների ղեկավարների առաջին հանդիպումը 2016-ի թվականի ընտրություններից հետո ավարտվել է:

Նշենք նաև, որ դա առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր 2010 թվականից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG