Մատչելիության հղումներ

Թրամփը խմբագրում է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով իր հայտարարությունը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ընդունում է ամերիկյան հատուկ ծառայությունների եզրահանգումներն այն մասին, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Երկուշաբթի օրը Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Թրամփին հարցրել էին, թե ո՞ւմ է հավատում ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցում՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների՞ն, ըստ որոնց Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, թե՞ Ռուսաստանի նախագահին, ով կտրականապես հերքում է միջամտության մասին պնդումները: Թրամփը պատասխանել էր, թե պատճառ չի տեսնում՝ ինչու պետք է Ռուսաստանը միջամտեր: «Նախագահ Պուտինն ասում է, թե դա Ռուսաստանը չէր: Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու պետք է Ռուսաստանը լիներ», - ասել է ԱՄՆ նախագահը՝ այդպիսով ևս մեկ անգամ վերահաստատելով իր ավելի վաղ հնչեցրած տեսակետը:

Այս հայտարարությունը հերթական անգամ քննադատությունների ալիք բարձրացրեց Նահանգներում՝ այս անգամ, սակայն, ավելի բուռն: Ամերիկյան հատուկ ծառայությունների պնդումներն ու իրեղեն ապացույցները կասկածի տակ դնելու համար Սպիտակ տան ղեկավարին քննադատեցին ոչ միայն ընդդիմախոսները, այլև՝ հավատարիմ թիմակիցները:

Հելսինկիից տուն վերադառնալով Թրամփը բախվեց աննախադեպ հանդիմանանքի՝ նրան հակադարձեցին թե՛ աջ, թե՛ ձախ քաղաքական ուժերը, պահպանողական և լիբերալ մեդիան, հատուկ ծառայությունների նախկին ազդեցիկ պաշտոնյաներ: Մասնավորապես տարակուսանք է առաջացրել նախագահի հետևյալ միտքը, թե երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում ընտրություններին միջամտության համար:

Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, չնայած օգնականներն ու խորհրդականները կոչ էին արել Թրամփին Պուտինի հետ հանդիպմանը կոշտ դիրք զբաղեցնել, այդուհանդերձ, նա այդպես էլ Մոսկվայի հասցեին որևէ հանդիմանական խոսք չասաց բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք հանգեցրել են երկու երկրների հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի:

Ամերիկյան հատուկ ծառայությունները անցյալ տարի ամիսներ տևած հետաքննության արդյունքում եկան այն եզրակացության, որ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ռուսաստանյան իշխանությունները միջամտել են այդ գործընթացին, որպեսզի մեծացնեն Թրամփի հաղթանակի հնարավորությունները. Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:

Միացյալ Նահանգների հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, իր հերթին, փորձում է պարզել, թե արդյոք Թրամփի նախընտրական շտաբը Մոսկվայի հետ դավադրություն է ունեցել: ԱՄՆ նախագահը հավաստիացնում է, թե որևէ դավադրություն չի եղել՝ հատուկ դատախազի հետաքննությունը անվանելով «վհուկների որս»:

Աղմկահարույց հայտարարություններից մեկ օր անց Դոնալդ Թրամփը ստիպված եղավ պարզաբանել արտահայտած մտքերը: Սպիտակ տուն հրավիրելով մի խումբ լրագրողների, նա ուղղեց իր իսկ խոսքերը՝ հայտարարելով, թե իրականում ցանկանում էր ասել, որ չկա պատճառ ենթադրելու, որ Մոսկվան չի միջամտել ընտրություններին, փոխարենն ասել է՝ չկա պատճառ ենթադրելու, որ Մոսկվան միջամտել է:

Մինչ Թրամփը Հելսինկիից Վաշինգտոն էր վերադառնում, մի խումբ սենատորներ հայտարարեցին Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների հնարավորության մասին: Կոնգրեսը անցյալ տարի էր գրեթե միաձայն կողմ քվեարկել Մոսկվայի կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին: Անցյալ ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մի խումբ պաշտոնյաների և օլիգարխների նկատմամբ, ինչը համարվում է Մոսկվային պատժելու ամենակոշտ փորձերից մեկը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները լարված էին մինչև ամերիկյան նախագահական ընտրությունները: Ռուսաստանը դժգոհում էր ՆԱՏՕ-ի ընդարձակումից, Վաշինգտոնը անընդունելի էր համարում Ղրիմի բռնակցումը, 2014 թվականից Ուկրաինայում ռուսական ռազմական ակտիվությունը, ինչպես նաև աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG