Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող պաշտոնական լրատվամիջոցները վերածվել են հարթակի, որից տարատեսակ փորձագետներ ու քաղաքագետներ կիսվում են Գյանջայում հուլիսի 3-ին և 10-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառների բացահայտումներով: Ով չի զլանում՝ հայտարարում է, որ այդ բողոքի ակցիաները օտարերկրյա թշնամիների, հայամետ ուժերի և ծայրահեղական ընդդիմության ձեռքի գործն է, գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում բախումները սկիզբ առան հուլիսի 10-ի երեկոյան: Այդ օրը մոտ 200 մարդ էր հավաքվել Գյանջայի կենտրոնական հրապարակում` քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ զինված հարձակման հեղինակ Յունիս Սաֆարովին աջակցություն հայտնելու նպատակով: Վելիևի դեմ մահափորձ էր իրականացվել հուլիսի 3-ին, նա և թիկնապահը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, որոնց ժամանակ սպանվել է երկու բարձրաստիճան ոստիկան:
«Թուրան» անկախ պարբերականը փոխանցում է, որ ամենաբարձր մակարդակներով հնչում են տեղի ունեցածի ամենաանհավանական պատճառներ ու մեղավորներ, սակայն հիմնականում՝ առանց ապացույցների:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, պետական կառույց հանդիսացող Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլատուր Ամաշովը, օրինակ, հայտարարել է, որ Գյանջայի իրադարձությունները «թշնամու» պատասխանն էր Հայաստանը շրջանցող TANAP գազատարին:
Ոմանք պնդում են, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են կրոնական ծայրահեղականները, ովքեր ուղղորդվում են արտերկրից:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը մեղադրանքների սլաքն ուղղել է բարեկամ Ռուսաստանի կողմը, սակայն չի հիմնավորել, թե Մոսկվայի ինչին էր պետք Գյանջայում քաոս առաջացնելը:
Մինչդեռ, ինչպես նկատում է «Թուրան»-ը, Ադրբեջանի պատկան մարմինները լուռ են և չեն շտապում ներկայացնել Գյանջայի իրադարձությունների հետ կապված ապացույցներ: Փոխարենը՝ երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել:
Սումգայիթում ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կիրակի օրը ամբողջությամբ փակել են քաղաքային վարչակազմի դիմացի հրապարակը, որտեղ նաև ռազմական տեխնիկա է տեղակայվել: «Թուրան»-ի փոխանցմամբ, այստեղ իշխանությունները սրճարանների և խանութների սեփականատերերին հրամայել են ժամանակավորապես փակել օբյեկտները՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար: