Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանը չի վճարել 1 մլրդ դրամ գրավը, նա շարունակում է կալանքի տակ մնալ


Սերժ Սարգսյան և Վաչագան Ղազարյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դեռ չի վճարել դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը և գտնվում է կալանքի տակ, «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ արդեն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը, և այն ուսումնասիրելուց հետո ըստ ամենայնի շաբաթավերջին հանդես կգա հայտարարությամբ։ Հարցին, թե ե՞րբ կվճարվի 1 միլիարդ դրամ գրավը, փաստաբանը պատասխանեց, որ չգիտի։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել է երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան։ Ըստ գործը քննող Հատուկ քննչական ծառայության, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք։

Մինչև ձերբակալումը, իրավապահները խուզարկել էին Վաչագան Ղազարյանի երևանյան բնակարանը, որտեղ առանձնապես խոշոր չափերի գումար էին հայտնաբերել։ Ազգային անվտանգության ծառայության կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտից։ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ Ղազարյանը բերման ենթարկվելուց հետո անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկից» դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար դոլար, ինչպես նաև 436 միլիոն դրամ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել էր 50 հազար ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի՝ Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկում» իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը. ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ կամ ավելի քան 3 միլիոն դոլար:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը ԱԱԾ-ի խուզարկության ընթացքում հայտնել էր, թե իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Ուշագրավ է, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքում չի ներկայացրել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ հաշիվներում արձանագրված 1,5 միլիարդ դրամը կամ ավելի քան 3 միլիոն դոլարը, ինչի մասին ավելի վաղ տեղեկացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Ընդ որում, Ղազարյանն այս դեպքում ևս ասել էր, թե մոռացել է հայտարարագրել այդ գումարները:

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն այս հարցի առնչությամբ ասել էր, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այս պահին դեռ մանրամասներ չեն հրապարակի, և հավելել, որ Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ձեռք են բերվել բավարար ապացույցներ։

Ի դեպ, Հայաստանում սա առաջին դեպքն էր, երբ քրեական գործ է հարուցվում ապօրինի հարստացման մեղադրանքով։

Սրանից հետո նույն հոդվածով քրեական գործ հարուցվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի, նրա դստեր և որդու գործողությունների համար։ Նրանք ևս, ըստ նախաքննական մարմնի, չեն հայտարարագրել իրենց եկամուտները։

Նախաքննական մարմինը պնդում է, որ Լյովա, Անի և Նարեկ Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն 800 հազար դոլար գումար։

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը, մանրամասներ չներկայացնելով, ասաց՝ այս գործով նախաքննությունը շարունակվում է։

Լյովա և Անի Սարգսյանները հետախուզման մեջ են։ Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ նրա դստեր՝ 24-ամյա Անի Սարգսյանի նկատմամբ՝ ստորագրությունը չհեռանալու մասին։

Սարգսյանի որդին՝ 30-ամյա Նարեկ Սարգսյանը Հայաստանում է և նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Ազատության» հետ զրույցում ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ Լյովա և Անի Սարգսյանների հետախուզման աշխատանքները դեռ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG