Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանը ձերբակալվեց


Սերժ Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը, արխիվ
Սերժ Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը, արխիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով ծառայության քննիչի որոշմամբ այսօր ձերբակալվել է Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Նա կասկածվում է ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ազգային անվտանգության ծառայությունն քիչ առաջ նոր մանրամասներ է փոխանցել Վաչագան Ղազարյանի գործով, ով ձերբակալվել էր այսօր ավելի վաղ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից։

ԱԱԾ հաղորդագրությունում նշվում է, որ Ղազարյանը, բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է «Յունիբանկ»֊ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաև 436 միլիոն ՀՀ դրամ։

Այս գումարները կանխիկացվել են նա անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:

Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 հարյուր ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:

«Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ», ֊ նաև ասված է հաղորդագրությունում։ ֊ «Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ»։

Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG