Մատչելիության հղումներ

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունի գործով մեղադրանք է առաջադրվել «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրամասի պետին․ ՔԿ


«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից հետո, Երևան, 2-ը ապրիլի, 2018թ․
«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից հետո, Երևան, 2-ը ապրիլի, 2018թ․

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է Երևանում գործող «Բուրգեր Քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Հաղորդագրության համաձայն՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարան» ընկերության սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին։

Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սննդի կետում պայթյունը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 2-ի երեկոյան, մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել 9 քաղաքացի:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը»:

«Բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ պայթյունի օջախը գտնվել է դեպքի վայր հանդիսացող՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի առաջին հարկի սրահի վաճառականգնակի տակ՝ հատակի վրա: Դատաապրանքագիտական, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ պայթյունի պատճառ է հանդիսացել ճնշման տակ գտնվող, խախտումով տեղափոխված գլանանոթի՝ դժվարամատչելի վայրում խախտումով տեղադրումը, որի հետևանքով տեղի է ունեցել գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ գլանանոթի մեջ ճնշման բարձրացմանը, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Ըստ փորձագետների՝ տեղի ունեցած պայթյունն ունեցել է 0.745 ՄՎտ հզորություն, ինչը համարժեք է 178 գր՝ ըստ տրոտիլային էկվիվալենտի», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ պարզվել է, որ ածխաթթվածնային գլանանոթը գործարանային արտադրության է՝ արտադրված Ռուսաստանում ՝ 2012 թվականին, և համապատասխանել է ԳՕՍՏ 8050-85 միջպետական ստանդարտի պահանջներին, հետևապես՝ պիտանի նպատակային օգտագործման համար:

«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում գործունեություն ծավալող «Բուրգեր Արմ» ՓԲ ընկերությանը գարեջրատեսակների և ըմպելիքների մատակարարման ծառայություններ մատուցել է «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊ ընկերությունը, որի կողմից էլ առաքվել է նշված գլանանոթը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մատուցված ծառայության անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը», - հաղորդում է Քննչական կոմիտեն և շարունակում․ - «Նախնական քննության տվյալներով՝ «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետի աշխատանքային պարտականություններից է եղել հրահանգավորել և ուսուցանել նույն ընկերության գարեջրի լցման սարքերի տեղադրող-մեխանիկին՝ աշխատանքի անվտանգության կազմակերպման կանոնների վերաբերյալ, սակայն չի ուսուցանել, չի տեղեկացրել բարձր ճնշման տակ գտնվող գազի գլանանոթների սպասարկման պայմանները, և տեղադրող-մեխանիկը, առանց անվտանգության տեխնիկայի քննություն հանձնելու և չունենալով սահմանված կարգով և ձևի վկայական, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում իրականացրել է գարեջրի լցման գլանանոթի սպասարկման, մասնավորապես՝ ածխաթթու գազի գլանանոթի փոխարինման աշխատանքը, որը կատարելիս թույլ է տվել մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ ճնշման տակ գտնվող գլանանոթը տեղադրել է սխալ՝ պառկեցված վիճակում, վատ օդափոխվող տեղում և սառեցնող սարքավորման հետնամասում տեղադրված աշխատանքի ժամանակ տաքացող գալարախողովակաշարին մոտ, չի ամրացրել գլանանոթը, որի հետևանքով 2018թ.-ի ապրիլի 2-ին տեղի է ունեցել նշված գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, որն էլ նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ բերելով գլանանոթի մեջ ճնշման բարձրացման և որպես հետևանք՝ հանգեցնելով պայթյունի»։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա «Կոտայք գարեջրի գործարան» ընկերության սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով սահմանված է տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG