Մատչելիության հղումներ

ԱԻ նախարարը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը


ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) կայացել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Ըստ հաղորդագրության, ի կատարումն վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հանձնարարականի՝ նախարարը տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարել է վարչապետի կողմից սահմանված երկամսյա ժամկետում այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումներ և հետազոտություններ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:

2018-ի համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության:

«Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը», - ասված է հաղորդագրությունում։

Տոնոյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը, հետազոտել երեխաների օգտագործման համար նախատեսված խաղալիքների և առարկաների բաղադրությունը կազմող նյութերի դյուրավառության մակարդակը:

Իր խոսքում ԱԻ նախարարն ընդգծել է, որ հրդեհային ռիսկի նվազեցման գործընթացում մեծ դերակատարում ունի նաև տվյալ օբյեկտի գործատուի, աշխատակցի, մասնավորապես՝ անվտանգության աշխատակցի կողմից հրդեհային ռիսկի գիտակցումը և պատրաստվածության մակարդակը:

«Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին», - ասել է նախարարը՝ շարունակելով. - «Մենք պետք է նվազեցնենք հրդեհային և տեխնիկական վտանգի ռիսկերը տնտեսվարողի հետ համատեղ աշխատանքով»: «Տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր խնդիրը ոչ թե իրեն տուգանելն է, այլ վտանգի ռիսկերը նվազեցնելը, ուստի հորդորում եմ ձեզ՝ լինել սկզբունքային, տնտեսվարողների հետ համերաշխ, բայց և պահպանել մասնագիտական սառնասրտություն» - անձնակազմին հորդորել է նախարարը՝ նշելով, որ չնայած աշխատակիցների թվի սակավությանը՝ խնդիրը պետք է իրականացնել սահմանված ժամկետներում:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն էլ նշել է, որ վերջին օրերին տնտեսվարողներից բավականաչափ զանգեր են ստացվել իրենց կազմակերպություններում հրդեհային անվտանգության հետազոտություններ իրականացնելու խնդրանքով:

Դավիթ Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետերի հետ՝ հորդորելով վերջիններիս օժանդակել ՀՀ ԱԻՆ տեսչության մարզային ստորաբաժանումներին իրենց մարզերում հրդեհային անվտանգ համակարգ ապահովելու և հրդեհային ռիսկի գիտակցության գործընթացում:

Ապրիլի 2-ին Երևանի կենտրոնում տեղակայված «Բուրգեր Քինգ» հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԻ նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG