Մատչելիության հղումներ

Մոտ ժամանակներս և՛ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և՛ աջակցությունը շատ լուրջ կլինի. քաղաքագետ


Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները սպասում են՝ կոռուպցիայի դեմ ռեալ պայքար կլինի՞, թե՞՝ ոչ, ու քանի որ այդ պայքարը սկսվեց, մոտ ժամանակներս, Գրիգորյանի համոզմամբ, և՛ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և՛ աջակցությունը շատ լուրջ կլինի։

«Շատերը հարցնում են՝ բայց ինչի՞ հետ է կապված, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ուզում են աջակցել, բայց դեռ չենք տեսնում մեծ աջակցություն։ Իրենք սպասում են՝ կոռուպցիայի դեմ ռեալ պայքար կլինի՞, թե՞՝ ոչ, ու քանի որ դա սկսվեց, մոտ ժամանակներս և՛ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, և՛ աջակցությունը շատ լուրջ կլինի։ Ոչ միայն այն, որ նոր իշխանություն ունենք, խելոք տղերք են, ինչ-որ բան ուզում են անել, էդ ծրագրերը, գիտեք, դրանով չես խաբի, պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, ու հենց դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը պայքարում է, որ ցույց տա, որ ստեղ խաղուպար չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետի խոսքով՝ կարևոր է, թե դրսում որքանով Հայաստանին կհավատան։

«Ես ողջունում եմ, բայց ծավալը շատ կարևոր է՝ ինչքանով մեզ կհավատան, ու մակարդակը մարդկանց՝ ով կկալանավորվի։ Պարզ է՝ հիմա իրենք սպասում են, ճիշտ ուղղություն է գնում, բայց կսպասեն, տեսնեն՝ նախկին վարչապետ, նախկին նախագահ կկալանավորվե՞ն, թե՞՝ ոչ։ Ի վերջո, այդ ավանդույթը պետք է Հայաստան էլ բերեն։ Էդ ո՞նց է Բրազիլիայի, Չիլիի, Հարավային Կորեայի, Իսրայելի նախկին նախագահներ, նախկին վարչապետեր, անընդհատ դատավարության պրոցեսներ, բանտ նստեցնում են, հետո ազատվում են, այո՛, էլի լինում են կոռուպցիոներներ, նորերին էլ են բռնում, բայց ինքը՝ պայքարը, նաև այդ թվում՝ նախկին առաջին դեմքերի դեմ, ու բացահայտումները բերում են նրան, որ ծաղկում են երկրները», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետը չբացառեց, որ մոտ ժամանակներս Հայաստանում ձերբակալվի, օրինակ, նախկին վարչապետերից մեկը, նախկին նախագահներից մեկը։

«Չի բացառում, որ մոտ ժամանակներս ձերբակալվի նախկին վարչապետերից մեկը, նախկին նախագահներից մեկը։ Պարզ է՝ դա օրենքի շրջանակներում պետք է լինի, եթե մեղք գործել են։ Ես չեմ ասում անօրեն, հենց օրինական, եթե դա լինի, է՛լ ավելի Հայաստանի վարկանիշը կմեծանա, ներդրում կգա», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե նախկին նախագահ, վարչապետ ասելով ո՞ւմ նկատի ունի, քաղաքագետը պատասխանեց. - «Սերժ Սարգսյանի որ բարեկամի տուն մտնում են, կատաստրոֆա է, մենք իմանալով այդ պրոբլեմների մասին, ասեկոսեներ կային, բայց ո՞վ էր պատկերացնում, որ Մարտիրոս Սարյանի նկարները վերցրել են ու պարզ չի, թե ինչ են արել, կամ ո՞վ էր պատկերացնում, որ կիլոգրամներով նարկոտիկ կգտնեն։ Ո՞վ է պատասխանատու, եթե ամբողջ իրա ցեղն էս ձևի գործերով է զբաղված։ Ու Դուք չեք կարող ասել ինձ՝ «գիտեք, անմեղության կանխավարկած կա, թող դատարանը որոշի», հեսա տեսնում ենք, չէ՞, հիմա մերձավորներին վերցնենք՝ նույն պատմությունը Մանվել Գրիգորյանի հետ, նույն պատմությունը Վաչոյի հետ, չհասկացա, էդ ո՞վ ունի 350 միլիոն դրամ հաշիվներում, կամ մեկուկես միլիարդ դրամ հաշիվներում, կամ, ասենք, նույն նախկին քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի, ո՞նց ինքը կարող էր ունենալ այդքան մեծ թվով դղյակներ, ես չեմ հասկանում, ու ոչ ոք թող չասի՝ «գիտեք ինչ, մյուսները մեղավոր են, ինքը՝ չէ»։ Առաջին դեմք են, ամենաթողությունը գալիս է առաջին դեմքից, թող պատասխան տան «Մարտի 1»-ի համար, ու էդ ուսումնասիրությունները շատ կարևոր են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG