Մատչելիության հղումներ

«Սա դեպքի վայր է, այստեղ անելիք ունեն միայն իրավապահները». ցուցարարները փակել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը


Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով անցած գիշերվանից մի խումբ ցուցարարներ փակել էին քաղաքապետարանի մուտքերը:

Դժգոհության պատճառը երեկ երեկոյան հրապարակված հետաքննությունն է, ըստ որի 40-ամյա Տարոն Մարգարյանը, իր ամբողջ կյանքի ընթացքում լինելով միայն պետական պաշտոնյա, կուտակել է զգալի չափով ունեցվածք:

«Մարդկանց մուտքը արգելել ենք հանցագործության վայր, որպեսզի պատկան մարմինները սկսեն զբաղվել գործով ու ոչ մի բան չկոծկվի, չթաքցվի ներսի աշխատակիցների կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը:

Տարոն Մարգարյանին վերագրվող դղյակների ու միլիոնների հասնող հարստության մասին հրապարակումից հետո ցուցարարների օրակարգում է նաև քաղաքապետի հրաժարականի հարցը․ - «Մեր պահանջն է, որպեսզի Տարոն Մարգարյանը պատասխան տա իր կատարած արարքների համար: Իսկ կատարած արարքների համար պատասխան տալու հետևանքներից մեկն էլ, բնականաբար, քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալն է»:

Քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալ դեռևս չի հաջողվում:

Տարոն Մարգարյանի դեմ ցույցի մասնակիցներին մոտեցավ խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, նրա կարծիքով ևս ներկա իրավիճակում Մարգարյանը քաղաքապետի պաշտոնից պետք է հեռանա․ - «Իրենց քաղաքական թիմը էս պահին իշխանության չի, և ինքն էլ, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, որ անընդհատ հայտարարում էր էդ մասին, պետք է նույնպես զիջի դիրքերը»:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պնդմամբ՝ Տարոն Մարգարյանի հարստության մասին երեկ հրապարակված տվյալները նորություն չեն, և հիմա իրավապահները պետք է զբաղվեն դրանով․ - «Գիտենք որտեղից են այդ աղբյուրները, դրանք հանրային միջոցներն են, որոնք լվացքատնով անցել են: Օրինակ, «Երևան» հիմնադրամով կամ այլ լվացքատներով անցել են և հանգրվանել են Տարոն Մարգարյանի նման անձանց գրպաններում և դարձել են նման շինություններ»:

Ցուցարարների մի մասը այսօր նաև փորձ կատարեց մուտք գործել քաղաքապետարանի շենքում գտնվող Երևանի պատմության թանգարան:

Թանգարանի դռները ցուցարարների առաջ, այդուհանդերձ, չբացվեցին: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը փոխանցեց, որ, ըստ աշխատակիցների, այսօր թանգարանը չի աշխատում, քանի որ հայտարարված է սանիտարական օր:

Ի վերջո ցուցարարները որոշեցին այսօր դադարեցնել բողոքի գործողությունը, քանի որ Տարոն Մարգարյանի վերաբերյալ հետաքննության նախաձեռնողը՝ Արեն Մկրտչյանը, ով այժմ վարչապետ Փաշինյանի օգնականն է, տեղեկացրեց, որ իրենց ունեցած նյութերը փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը և կկցվեն ԱԱԾ-ի կողմից «Երևան» հիմնադրամի վերաբերյալ քննվող գործին:

«Մենք պահանջում ենք, որ Կառավարությունը ռեակցիա տա տվյալ տեսանյութի վերաբերյալ: Արեն Մկրտչյանն անձամբ ասեց, որ երեկվա տեսանյութը կցվում է հին գործին, և մենք անձամբ պատրաստ ենք գնալ որպես վկա», - ասաց ցուցարարներից մեկը:

Վարչապետ Փաշինյանի շարժման հաղթանակից հետո ի պատասխան մի խումբ քաղաքացիների կողմից ներկայացվող հրաժարականի պահանջի՝ արդեն շուրջ յոթ տարի Երևանի քաղաքապետարանը գլխավորող Մարգարյանը պնդում էր, որ ինքը քաղաքացիների կողմից է ընտրվել համայնքի ղեկավար, ուստի չի պատրաստվում հեռանալ:

Երևանի ավագանում մի քանի աղմկահարույց բողոքի միջոցառումներ իրականացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար վստահ է, որ Տարոն Մարգարյանն օրինական ճանապարհով չի ընտրվել քաղաքապետ․ - «Տարոն Մարգարյանը բռնության, սպառնալիքի նաև կաշառքի միջոցով է զավթել քաղաքապետի պաշտոնը»:

Շուրջ 10 օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություններ իրականացրեց Երևանի քաղաքապետարանում գտնվող «Երևան» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա տեղակալները: Ըստ իրավապահ մարմնի՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք տարբեր թույլտվությունների դիմաց քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:

XS
SM
MD
LG