Մատչելիության հղումներ

Հայաստանը տեղափոխվել է միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների խումբ


Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ
Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի դասակարգման խումբը՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից տեղափոխելով միջինից բարձր եկամտային խումբ, որտեղ Հայաստանից բացի ևս 5 տասնյակ երկրներ են, այդ թվում՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, Բրազիլիան, Թուրքիան և Սերբիան։

«Եթե 2017-ին՝ մեկ տարի առաջ, մեր մեկ շնչին ընկնող եկամուտը 1760 դոլար էր կազմում, ապա 2018-ի հուլիսի 1-ին՝ այսինքն ներկայիս իրավիճակով, այն հասել է 4,000 դոլարի», - «Ազատության հետ զրույցում մանրամասնեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի այս դասակարգման հիմքում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտն է (GNI), ընդ որում դասակարգման 4 խմբերից 3-րդում հայտնված Հայաստանը 4,000 դոլարի ցուցանիշով այս խմբի եկամտային նվազագույն շեմում է. որևէ երկիր միջինից բարձր եկամտային խմբում է, երբ մեկ շնչին բաժին է ընկնում 3,896-ից 12,055 դոլար։

«Որքան էլ որ ուրախալի է, որ նախորդ հուլիսի համեմատ մեկ շնչին ընկնող եկամուտը 240 դոլարով ավելացել է, բայց դեռևս հեռու ենք ցանկալի գումարային արտահայտությունից, որը հասնում 12,000 դոլարի», - արձանագրեց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի դասակարգման խումբը բարելավվել է, որովհետև նախորդ տարվա տնտեսական աճի շնորհիվ ավելացել է Հայաստանի համախառն ազգային եկամուտը, բացի այդ չի աճել բնակչությունը, հետևաբար մեկ շնչի հաշվով նկատվել է բարելավում, մեկնաբանում են մասնագետները։

Միևնույն ժամանակ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատում է, որ Հայաստանի միջին քաղաքացու բարեկեցության մասին վկայող մեկ այլ՝ գնողունակության ցուցանիշով Հայաստանը բարելավում չի գրանցել։

«Օրինակ՝ նույն Վրաստանը այդ դասակարգման մեջ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտով Հայաստանից հետ է, բայց եթե մենք մեկ այլ ցուցանիշ ենք դնում, օրինակ՝ գնողունակությունը, տեսնում ենք, որ Վրաստանը մեզանից առաջ է և մենք հետ ենք նույնիսկ այդ միջինից ցածր եկամուտ ունեցողներից», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Մանուկյանը:

Տնտեսագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ անցյալ տարի Կարեն Կարապետյանի կառավարության օրոք 7.5 տոկոս տնտեսական աճ գրանցած Հայաստանը եկամուտների առումով բևեռացված երկիր է, որտեղ մեծ է գործազուրկների, ինչպես նաև աղքատների թիվը, հետևաբար տնտեսական աճը հավասարապես չի անդրադարձել հասարակության բոլոր շերտերի կյանքի վրա։

Այնուամենայնիվ, ըստ Մանուկյանի, ֆորմալ առումով Հայաստանի գրանցած տնտեսական աճը կամ Համաշխարհային բանկի դասակարգման աղյուսակում դիրքի բարելավումը կարող է ունենալ դրական նշանակություն․ օրինակ՝ Հայաստանը կարող է համարվել ավելի կանխատեսելի տնտեսությամբ վարկունակ երկիր:

Բայց, ըստ տնտեսագետի, ավելի վտանգավոր է Հայաստանի գրանցած բարելավման բացասական ազդեցությունը, օրինակ՝ չի բացառվում, որ միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր դառնալու պատճառով Հայաստանը կարող է զրկվել ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր ծրագրին մասնակցելու և ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորությունից:

Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագիրը կասեցվել էր 2008-ի նախագահական ընտրություններից և դրան հաջորդած մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո, սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ մայիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփեոն Ամերիկայի Հայ դատի հանձախմբին հղած նամակում խոստացել էր քննարկել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հնարավորությունը:

«Համաձայն Հազարամյակի մարտահրավերների կանոնադրության կամ ցուցանիշների համախմբի, նրանք հիմնականում հետաքրքրված են, որպեսզի ֆինանսական օժանդակություն ցուցաբերեն նվազ եկամուտներ ունեցող կամ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրներին: Այսինքն, նրանց թիրախը այն երկրների խումբն է, որը Հայաստանը լքեց հուլիսին և տեղափոխվեց այլ խումբ», - մեկնաբանում է Արտակ Մանուկյանը:

XS
SM
MD
LG