Մատչելիության հղումներ

Ապամենաշնորհացումը Հայաստանի տնտեսական աճի հզոր խթան կդառնա․ ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն


Ֆրենսիս Մալիժ, ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով տնօրեն, 1-ը հունիսի, 2018 թ․

Միջազգային ֆինանսական ազդեցիկ հաստատություններից մեկի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը հայտարարում է՝ հայաստանյան տնտեսությունում բազմաթիվ են մենաշնորհները, և ապամենաշնորհացումը Հայաստանի տնտեսական աճի հզոր խթան կհանդիսանա:

Այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ՎԶԵԲ-ի բարձրաստիճան ներկայացուցիչն ասաց՝ Հայաստանի նախկին իշխանությունների հետ բազմիցս են քննարկել մենաշնորհների հարցը, սակայն ընդհանուր պատասխան էին ստանում, թե դա դժվար լուծվող հարց է:

«Ընդհանուր առմամբ, մենաշնորհը վատ բան է, որովհետև դա նշանակում է՝ մարդիկ շատ են վճարելու: Եթե մենաշնորհ կա մրգերի ներմուծման ոլորտում, պետք է թանկ վճարեք այդ մրգերի համար: Մենաշնորհները գերշահույթ են ստեղծում մենաշնորհների տերերի համար և լրացուցիչ ծախսեր՝ մյուսների համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունում կան բազմաթիվ մենաշնորհներ, և ապամենաշնորհացումը մենք համարում ենք տնտեսական հետագա աճի հզոր խթան: Ո՞վ կցանկանա մրցել մոնոպոլիստների հետ, մարդիկ նախընտրում են արտագաղթել»,- ասաց Ֆրենսիս Մալիժը:

«Ազատության» հարցին՝ քննարկե՞լ եք արդյոք մենաշնորհների խնդիրը Հայաստանի նախկին կառավարության հետ Մալիժն այսպես արձագանքեց․ «Մենք քննարկել ենք այս հարցը նախկին կառավարությունների հետ: Ընդհանուր պատասխան էինք ստանում, թե՝ այո, այդ հարցը կարևոր է, մենք պետք է ինչ-որ բան անենք, սակայն դա դժվար է լուծել»:

ՎԶԵԲ-ի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, հեղափոխությունից հետո սփյուռքահայ ներդրողների շրջանում վերստին հետաքրքրություն է առաջացել հայաստանյան տնտեսության նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, դեռ վաղ է ասել՝ ինչ ազդեցություն կթողնի հեղափոխությունը Հայաստանի տնտեսության վրա: Կարծում եմ՝ այն, որ տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում, նշանակալի իրադարձություն էր․ ողջ աշխարհը հետևում էր Հայաստանին և ականատեսը եղավ խաղաղ իշխանափոխության, ինչը ձեռքբերում է և խոսում է հայաստանյան հանրության, ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին: Տեսնում ենք, որ ի հայտ են եկել մարդիկ, ովքեր հստակորեն խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության ապամենաշնորհացման մասին: Սրանք լավ բաներ են: Տեսնենք, թե ինչպիսի գործողություններ կլինեն»,- նշեց Ֆրենսիս Մալիժը:

Վերջինիս այսօր առավոտյան ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մալիժը հավաստիացրեց՝ բանկի հայաստանյան ծրագրերը շարունակվելու են: «Սպասում եմ, որ լավ տարի կլինի Հայաստանի տնտեսության համար: Տեսնում եմ՝ ոգևորություն, խանդավառություն կա հայաստանցիների շրջանում: Այստեղ տնտեսությունում որևէ ցնցում չնկատվեց, այնպես, ինչպես, օրինակ՝ Ուկրաինայում, երբ մի քանի տարի առաջ այնտեղ իշխանափոխության, ապա պատերազմի հետևանքով տնտեսությունում ցնցումներ գրանցվեցին: Հայաստանի պարագայում տեսնում եմ, որ մարդիկ պատրաստակամ են ներդրումներ կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG