Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր»-ի 140 մլն դոլար դրամաշնորհով


Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին կոչ է արել աջակցել Հայաստանում աննախադեպ, խաղաղ և սահմանադրական իշխանափոխությունը հաջողությամբ ավարտին հասցնելուն՝ արագացված կարգով քննարկելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցով 140 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունը։

Այդ գումարներն, ինչպես նշում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, կուղղվի երկրի հանրակրթական դպրոցների գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրերին:

Դրամաշնորհը հավանաբար կտրամադրվի 5 տարվա համար, նշում է Հայ դատի հանձնախումբն իր հաղորդագրությունում:

«Հիմա գործելու լավագույն պահն է։ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան Հայաստանի ժողովրդավարական զարգացման պահին կարող է կենտրոնական դեր խաղալ Միացյալ Նահանգներ -Հայաստան հարաբերությունների նոր փուլում», - ասվում է Մայք Փոմփեոյին ուղղված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի նամակում։

Միացյալ Նահանգներում գործող թերևս ամենաազդեցիկ հայկական այս կազմակերպությունը նաև կոչ է անում ամերիկյան Պետքարտուղարությանը Հայաստանի հետ STEAM կրթական նախագծի վրա հիմնված նոր համաձայնագրի շուրջ քննարկումներ սկսել։

Հայ դատի հանձնախումբը նշում է, որ համաձայնագիրը կնպաստի, մասնավորապես, նոր սերնդի կրթական հնարավորությունների ընդլայնմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը, հայ և ամերիկացի ժողովուրդների միջև ավելի ամուր կապեր ունենալուն։

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, հիշեցնենք, 2006 թվականին ծրագրում էր Հայաստանին հատկացնել մոտ 235 միլիոն դոլար՝ ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար։

2008 թվականի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո կորպորացիան հայտարարեց, թե վերանայում է Հայաստանում իր գործունեությունը, իսկ 2009-ին դադարեցրեց մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը՝ այդ որոշումը պայմանավորելով մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողականի վատթարացմամբ: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի կառուցման ծրագիրը։

«Հազարամյակների մարտահրավեր» ամերիկյան կառավարական կորպորացիան, նշենք, իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու ծրագրերը, եթե երկիրն անհրաժեշտ առաջընթաց չի ապահովում ժողովրդավարական մի շարք ցուցանիշներով, որոնցից են մամուլի ազատությունը, կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկությունը, ժողովրդավարական կառավարումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG