Մատչելիության հղումներ

«Մարդն ավելի շատ սպառող է, ուզում է այսօր ավելի լավ ապրել՝ հետո մի դուռ կբացվի տարբերակով». Ջանջուղազյան


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տրամաբանական է համարում այսօր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հասարակության որոշ հատվածի դժգոհությունը։

Ջանջուղազյանի խոսքով՝ դժգոհություն առաջացնում է ցանկացած փոփոխություն, որը հանգեցնում է այսօրվա սպառելու հնարավորությունը նվազեցնելուն։

«Գիտեք, դժգոհություն առաջացնում է ցանկացած փոփոխություն, որը հանգեցնում է այսօրվա սպառելու հնարավորությունը նվազեցնելուն, և դա շատ տրամաբանական է։ Նույնիսկ չաճելն արդեն դժգոհություն է առաջացնում։ Իմ պատասխանները կարող են զգայական դաշտում իրենց մեջ շատ կոշտ ձևակերպումներ պարունակել, որովհետև ֆինանսներն այնուամենայնիվ հաշվել են սիրում, և էդ տեսակետից մարդն ավելի շատ սպառող է՝ ուզում է այսօր այդ սպառումն ունենալ, այսօր ավելի լավ ապրել՝ հետո մի դուռ կբացվի տարբերակով։ Մարդը, որպես տրամաբանական էական, դա շատ տրամաբանական է, բայց պետությունն ունի պարտավորություններ, որոնց համար պետք է այսօր միջոցներ ձեռնարկի, որովհետև, եթե մենք առաջնորդվենք էդ տրամաբանությամբ, որ հետո մի դուռ կբացվի, հետո կարող ենք կանգնել փաստի առաջ, որ մենք ունենք պարտավորություն կատարելու, բայց չունենք հնարավորություն այդ պարտավորությունը կատարելու։ Իսկ դուռը հետո կարող է բացվել, կարող է չբացվել, ամեն ինչ կախված է զարգացումներից», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Ջանջուղազյանը։

Հարցին, որ եթե կառավարիչները մի օր սնանկանան, ի՞նչ է լինելու, այդ ռիսկերն ինչպե՞ս են հաշվարկված, ֆինանսների նախարարը պատասխանեց. - «Մեդալի նման սա երկու կողմ ունի, մի կողմից` մեզ հաճախ քննադատում են այն կարգավորման համար, որ էդ միջոցները ներդրվում են նաև Հայաստանից դուրս, մյուս կողմից` հարց է առաջանում, որ եթե սնանկանան այդ կառավարիչները, երաշխիքը ո՞րն է, որ մենք այնուամենայնիվ հետ կստանանք, կամ ընդհանրապես հետ կստանանք սեփականության իրավունքով մարդկանց պատկանող դրամական միջոցները։ Խնդիրն այն է, որ կառավարիչների սնանկանալը որևէ առնչություն չունի այդ միջոցների հետ։ Չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ այն հարցին, թե այսօր ինչքան հեղինակավոր են այդ կառավարիչները, ինչ գումարներ են իրենք կառավարում, ենթադրենք, որպես հիպոթեզ, կարող ենք դիտարկել, որ կարող են սնանկանալ, դա ի՞նչ հետևանք կունենա` գործնականում զրո ազդեցություն կունենա մարդուն սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցների տեսակետից, որովհետև էդ ֆոնդերը չեն կարող էդ միջոցները վերցնել և օգտագործել իրենց սեփական կարիքների համար։ Էդ միջոցները, որոնք պատկանում են Հայաստանի քաղաքացուն, ով կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, էդ միջոցները տեղաբաշխված են տարատեսակ ակտիվների մեջ՝ Հայաստանում տնտեսության մեջ մասնակիորեն, պետական արժեթղթերի մեջ, այնքանով են անձեռնմխելի, որքանով որ այդ ակտիվը կենսունակ է»։

Հիշեցնենք՝ խորհրդարանը հունիսի 21-ին երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

Օրենքի համաձայն, կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը կառավարությունն ընդունեց հունիսի 11-ին։ Հաջորդ օրը՝ հունիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ է օրենքում պարտադիր բաղադրիչը պահպանելու Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմանը։

«Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են ու բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ», - պարզաբանել էր Թանդիլյանը։

Հրաժարականից օրեր անց վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ չի ընդունում նախարարի հրաժարականը և շարունակելու են համատեղ աշխատանքը։

«Պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում՝ խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է։ Ինչպես պայմանավորվել ենք նախկինում՝ նաև տնտեսական զարգացման նախարարի և արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք համատեղ այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար», - ասաց վարչապետը։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG