Մատչելիության հղումներ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում․ Փաշինյան


Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր դատախազության 100-ամյակի հանդիսավոր նիստին։

Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ի՞նչ ձևաչափով կմասնակցի այդ ընտրություններին, վարչապետն ասաց․ - «Մոտավորապես ժամկետը արդեն նշել ենք՝ 1 տարվա ընթացքում այն օրվանից, երբ ասվել է: Կոնկրետ ժամկետը, իհարկե, կախված է նաև քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մեր կուսակցության մասնակցության ձևաչափին, հիմա քննարկումներ են գնում, որոշում դեռևս չկա: Առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են»:

«Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ ...
Նիկոլ Փաշինյան

Լրագրողներից մեկի հարցին, թե վերջերս նոր ուժեր են ձևավորվել, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, և որոնց մեջ են նաև Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը», արդյոք կհամագործակցի այդ ուժերի հետ, Փաշինյանն այսպես արձագանքեց․ - «Սասնա ծռեր» քաղաքական կազմակերպության մասին ինձ հայտնի չէ, եթե նկատի ունեք «Սասնա ծռեր» խմբի գործունեությունը, ինչպես տեղյակ եք՝ նրանց գործով դատավարություն է ընթանում և անհասկանալի է ինձ հարցնել, թե արդյոք ես նրանց հետ կգնամ համագործակցության»:

Հիշեցնեմ՝ վերջերս կալանքից ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարեց, թե ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի հետ պատրաստվում են գալիք ընտրություններին։ Նման հայտարարություն արեց նաև նորաստեղծ «Հայաստանի կառուցողական կուսակցության» հիմնադիր, վերջերս կալանքից ազատ արձակված Անդրիաս Ղուկասյանը:

Հունիսի 28-ին վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը ամրագրեց խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված «ռեյտինգային» համակարգից հրաժարվելու և փակ ցուցակներով ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը։ Բացի այս հանձնաժողովից, գոյություն ունի նաև խորհրդարանական աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր չորս խմբակցություններից: Հետագայում երկու հանձնաժողովները կքննարկեն ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները։

«Բոլորը հավասար են օրենքի առաջ»․ Փաշինյանը՝ նախկին նախագահների մասին

Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք իր իշխանավարման օրոք մեկնարկած հնչեղ քրեական բացահայտումները կհասնեն նախկին նախագահներին, պատասխանեց․ - «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և այստեղ իմ ելույթում էլ ասացի՝ կապ չունի, թե հետաքննությունը ում կհանգեցնի, դրանից վերաբերմունքը պետք է չփոխվի»:

Հիշեցնեմ՝ վերջերս ապօրինի հարստացման հիմքով հարուցված քրեական երկու գործ առնչվում է Սերժ Սարգսյանի մերձավորներին:

Անդրադառնալով իշխանափոխությունից հետո դատարանների աշխատանքին, մասնավորապես կալանքից ազատ արձակումներին և հատկապես «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների խափանման միջոցի փոփոխությանը, վարչապետն արձագանքեց․ - «Ես ուզում եմ հավատալ, որ և՛ դատարանները, և՛ դատավարությանը ներգրավված մյուս սուբյեկտները ամեն ինչ ճիշտ են անում և անում են իրենց իրավասությունների շրջանակներում և օրինականությունը, մարդու իրավունքները և հանրության շահերը պաշտպանելու նկատառումով: Համենայնդեպս, երբ կառավարությունը տեսնի սպառնալիք այս առումով, իհարկե, օրենքով սահմանված կարգով և ձևերով, նաև իր քաղաքական ազդեցությամբ կմիջամտի: Այս պահին, ես կարծում եմ, նման միջամտության անհրաժեշտություն չկա»:

Անցած շաբաթ վարչապետն ընդունել էր Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի, Յուրի Տեփանոսյանի հարազատներին։ Մանրամասներ ներկայացնելով այդ հանդիպումից՝ Փաշինյանն ասաց՝ իրականացվելու է արդարադատություն․ - «Տարբեր մտահոգություններ կային, մասնավորապես, թե արդյոք արդարադատություն կիրականացվի, թե կիրականացվի քաղաքական դատավարություն և քաղաքական որոշումներ: Բնականաբար մեր հավաստիացումն այն է, որ պետք է իրականացվի արդարադատություն»:

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի...
Նիկոլ Փաշինյան

Վարչապետը խոսեց նաև սահմանային լարվածության մասին՝ շեշտելով, զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի․ - «Արդեն ասել եմ, որ կուտակումներ կան ադրբեջանական ուժերի, գիտեք նաև, որ զորավարժություններ են տեղի ունենալու՝ իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ: Ես կարծում եմ, որ Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի և իմ հրամանը զինված ուժերին հենց դա է եղել»:

Արդեն մոտ երկու ամիս պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որոշակի սոցիալ-տնտեսական փոփոխություններ արդեն կան։ Ընդգծեց, որ արդեն 207 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացվել, պետական եկամուտների հավաքագրումն է մեծացել, առողջապահական ոլորտում են դրական փոփոխություններ տեղի ունեցել, քայլեր են ձեռնարկում սոցիալական բնակարանաշինության ոլորտում․ - «Մենք պետք է արձանագրենք կոռուպցիայի անկյունաքարային նշանակությունը, որովհետև եթե մենք ունենք այսպես կոչված պետական կաթսա, և այդ պետական կաթսայի մեջ բազմաթիվ անցքեր կան, որոնցով արտահոսում է ազգային հարստությունը և պետական եկամուտները, մենք մինչև այդ անցքերը չփակենք, մենք չենք կարող այդ կաթսայի բավարար լցվածություն ապահովել»:

Փաշինյանն այսօր անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին։ Հիշեցնեմ՝ արդեն շուրջ մեկ շաբաթ փակ են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները․ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքում:

«Ինչպես նախկինում՝ հիմա էլ լուծման տարբերակը մեկն է՝ մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա և մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել և վերջնական եզրակացությունը կլինի», - այս առնչությամբ ասաց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG