Մատչելիության հղումներ

Ուլնեցի փողոցում բռնությունների քրգործից անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան


Բռնությունները Ուլնեցի փողոցում, Երևան, 21-ը ապրիլի, 2018թ.
Բռնությունները Ուլնեցի փողոցում, Երևան, 21-ը ապրիլի, 2018թ.

Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Անդրանիկ Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: «Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես Բենց», «Նիվա» և «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնկացություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ Ա. Իսոյան: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես Բենց», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Իսոյանին, ով ինչպես արդեն հաղորդել ենք, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»: Իսոյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG