Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 21-ին Քանաքեռ-Զեյթունում՝ Ուլնեցի փողոցի վրա ցուցարարների մեքենաների վրա ենթադրաբար հարձակված անձանցից մեկին՝ Ա. Իսոյանին։

Իրավապահների կողմից այս լուրը հայտնելուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը հաստատեց շրջանառվող լուրերը՝ խոսքն իր օգնական Անդրանիկ Իսոյանի մասին է․ - «Ես ուզում եմ ասել, որ դա իրականություն է, և դա երեկ տեղի է ունեցել: Ցավում եմ, որ մի շարք մարդկանց շրջանում, ովքեր որ վերջին ժամանակները ձերբակալվել են կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը»:

Հանրապետական Միհրան Պողոսյանը հույս է հայտնում, որ համապատասխան մարմինները անաչառ կգտնվեն և շատ արագ կպարզեն իրողությունը։ Միևնույն ժամանակ վստահ չէ՝ իր օգնականը հարձակվե՞լ է Սերժ Սարգսյանի հրաժարականը և Հանրապետական կուսակցության՝ իշխանությունից հեռանալ պահանջած ցուցարաների վրա։

Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել ապրիլի 21-ին, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ։

«Ես, իմանալով իմ օգնականին, հույս եմ հայտնում և վստահություն, որ նա այդտեղ չի եղել, և սա թյուրիմացություն է», - ասաց Պողոսյանը:

«Ազատությունն» ավելի վաղ անդրադաձել էր այս միջադեպին. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը հայտնել էր, որ իրեն հասած տեղեկություններով, ցուցարաների մեքենաների վրա հարձակված անձինք ապրիլի 21-ին իջել էին ՀՀԿ պատգամավոր, նախկին ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին և նրա աշխատակիցներին պատկանող մեքենաներից, բացի այդ, Բաթոյանը կասկածներ ուներ, որ մեքենաներից մեկի ներսում է եղել նաև Միհրան Պողոսյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ օգնականը գործել է իր հրահանգով, եթե հաստատվի, որ նա մեղավոր է, Միհրան Պողոսյանն արձագանքեց․ - «Ես բացառում եմ, որ իմ օգնականը հայտարարի, որ հրահանգ է ստացել իմ կողմից, որովհետև նման բան չկա: Ոչինչ այլ ես չեմ բացառում: Մենք բոլորս կհետևենք քննությանը և կտեսնենք»:

Եթե քննությունը հաստատի իր օգնականի մեղքը, ապա, ըստ Պողոսյանի, անհրաժեշտ կլինի խստագույն պատժի ենթարկել Իոսյանին: Ընդ որում Հանրապետական պատգամավորը նշում է, թե ինքն էլ կնպաստի դրան, սակայն չի հստակեցնում, թե ինչ լծակ ունի ազդելու իրավապահ համակարգի վրա։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մամուլի հրապարակումներն այն մասին, որ ցուցարաների վրա հարձակված անձանց մեքենայում է եղել նաև Միհրան Պողոսյանը, բավարար ե՞ն, որպեսզի Պողոսյանը ևս հարցաքննվի։

«Եթե կան վկաներ, անձինք, ովքեր եղել են դեպքի վայրում և տեսել են, թե ովքեր են եղել բռնություն կիրառողները, կամ նշված երկու ավտոմեքենաների մեջ, ապա խնդրում եմ, թող ներկայանան վարույթն իրականացնող մարմնին: Հակառակ պարագայում, հղում կատարելով անանուն աղբյուրների վրա, և ասել-լսելով, ասեկոսեներով լուրեր տարածելը ես չեմ պատրաստվում մեկնաբանել», - արձագանքեց Սոնա Տռուզյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG